Վռամ Թորոսյանը ծնվել է 1998 թվականին Երևանում։ Վեց տարեկան էր, երբ ընտանիքով տեղափոխվեցին Ռուսաստան։ Դպրոցն ավարտեց Կրասնոդարում։ Քսանմեկ տարեկանում որոշեց հայրենիք վերադառնալ ։ Ասում է՝ ուրախ էր զինվորական ծառայության համար, որը սպասում էր նրան Հայաստանում։ Զորակոչվեց 2019-ի հունվարի 17-ին։ Սկզբում ծառայում էր Մուղնիի զորամասում, հետո՝ Ջրականի։ Հաշված ամիսներ էր մնացել զորացրմանը, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։
Հենց առաջին օրը Վռամը հրազենային վիրավորում ստացավ ձեռքի հատվածում։ Վիրավորված հայտնվեց շրջափակման մեջ՝ արդեն թշնամու վերահսկողության տակ անցած տարածքում։ Ընկերոջ հետ, կարելի է ասել, հրաշքով են փրկվել ։ Պատերազմից հետո Վռամը տարբեր մասնագիտություններ փորձեց, բայց գտավ այն, ինչի մասին երազում էր վաղուց։ Ֆուտբոլի մարզիչ է, աշխատում է Ակադեմիայում։ «Երբ մտնում եմ դաշտ, մոռանում եմ ամեն ինչ»,-ասում է Վռամը։