Միքայել և Բագրատ սրբազանները դատապարտել են «10 հուդաներին» և աջակցություն հայտնել Վեհափառին

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարությամբ դատապարտել են 10 եկեղեցականի, ովքեր պահանջել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը։

Բանտարկված արքեպիսկոպոսները Կաթողիկոսի հրաժարականը պահանջողներին անվանել են «հուդաներ», ովքեր փորձում են կոտրել եկեղեցին և աջակցություն հայտնել Վեհափառին։

«Նոյեմբերի 27-ին հրապարակված հայտարարությունը, դրան հաջորդած խայտառակ հանդիպումը մեզ ստիպում են խոր ցավով կատարել հետևյալ հայտարարությունը. դատապարտում ենք հերձված ստեղծելու այս փորձը և ընթացքը դավադիր, գաղտագողի վարքով, դատապարտում ենք աշխարհիկ իշխանություններին, այն էլ հայրենադավ և դավաճան, ներքաշելու ներեկեղեցական հարցերի լուծման մեջ գործիք դառնալով նրանց ձեռքին, մեր կոչն է տիրադավերին վերադառնալ կանոնական դաշտ և իրենց հուզող հարցերը բարձրացնել ներեկեղեցական տիրույթում և ատյաններում», – ասվում է հայտարարության մեջ։

Արքեպիսկոպոսները դիմելով Վեհափառ Հայրապետին, նշել են, որ անհրաժեշտ է հրավիրել եպիսկոպոսաց ժողով քննարկելու առկա հարցերը և պատրաստելու Ազգային եկեղեցական ժողովի օրակարգը՝ «միևնույն ժամանակ պնդելով ապահովել ապօրինի ազատազրկված երեք սրբազաններիս մասնակցությունը»:

Նրանք հույս են հայտնել, որ Վեհափառ Հայրապետն «ամուր և անսասան կմնա» և  Սուրբ Հոգու առաջնորդությամբ Հայ Առաքելական եկեղեցին «կհաղթահարի չարի այս փորձությունը ևս»:

Leave a Comment