[ad_1]
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը
– Տիկի՛ն Սամսոնյան, Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի՝ Ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարությունից հետո իշխանական տարբեր պատգամավորներ ասացին, թե Փաշինյանի ասածն ամենևին էլ չի ենթադրում կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանությունը: Արսեն Թորոսյանն էլ Հ1-ին տված հարցազրույցի ժամանակ ասում էր, որ «ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունը չպետք է լինի Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը»։ Ի՞նչ քաղաքականություն է վարում իշխանությունն այս հարցում։
– Հայաստանի իշխանությունները փաստացի ընդունել են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մեզ երբեմնի հայտնի նախապայմանները։ Անկեղծ կլիներ, եթե 2008-2011 թթ․ Նիկոլ Փաշինյանը քաղաքական հետապնդումների ենթարկվելու փոխարեն դիմեր Սերժ Սարգսյանին ու դառնար այդ հարցերով Թուրքիայի բանագնացը, կկազմեր Ցեղասպանության իրողությունները քննող հանձնաժողով և կփակեր այդ հարցը։ Կարծում եմ՝ այդպիսի օժանդակությամբ ֆուտբոլային դիվանագիտությունն ավելի մեծ հաջողություններ կունենար։ Բայց, դե, այն ժամանակ Փաշինյանին պետք էր դիրքավորվել որպես ազգի նվիրյալ, իսկ երբ իշխանություն ունես՝ արդեն իրական պլաններդ բացահայտվում են։
Ես երբեք թրքատյաց և ծայրահեղ ազգայնական չեմ եղել։ Կողմ եմ եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և գնահատում եմ այս հարցով ճկուն քաղաքականությունը։ Բայց այդպիսի քաղաքականությունը չի ենթադրում տրորել քո ազգային արժանապատվության, պատվի ու բարոյական կարմիր գծերը։ Այդպես ոչ միայն քեզ հետ հարաբերություններ չեն կարգավորի, այլև այդպիսի ազգերին ոչ կհարգեն, ոչ էլ կընդունեն։ Այն, ինչ արեց և անում է Նիկոլ Փաշինյանը, համազգային խայտառակություն է։
Կարծում եմ՝ Ցեղասպանության հետևանքով մազապուրծ եղած և Սփյուռք ձևավորած մեր բոլոր հայրենակիցները պետք է այսուհետ մերժեն ՀՀ սփյուռքի հանձնակատարի և այլ իշխանավորների հետ բոլոր հանդիպումները կամ այդ հանդիպումներում պահանջեն հրապարակավ ներողություն խնդրել։
Հրեաների Հոլոքոստից հետո մինչև այսօր միջազգային բոլոր հարթակներում դատապարտվում և արգելվում է հակասեմականությունը, և դա արդիական է միայն այն պատճառով, որ ամբողջ աշխարհում հրեա ժողովրդի շահերը պաշտպանված լինեն։ Իսկ մեր իշխանությունները մի երկու գիրք կարդացածի խելքով փորփրում են հայոց պատմությունը և ուզում են ամբողջ աշխարհին բացատրել, որ հակահայկականություն գոյություն չի ունեցել և չունի։ Իշխանությանը սպասարկող մեդիա և փորձագիտական դաշտը ժողովրդին համոզում է, թե մեզ թուրքական վտանգ այլևս չի սպառնում։ Ես կարծում եմ, որ Հայաստանում իրականացվում է թուրքական քարոզչական մասշտաբային ծրագիր, իսկ դրա կատարողը Հայաստանի իշխանությունն է։
– Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կգնա՞, եթե անգամ այս իշխանությունը այս հարցում էլ զիջման գնա։
– Այս իշխանությունը չգիտի՝ ինչը պետք է զիջել, ինչը՝ ոչ։ Իսկ անընդհատ և պատրաստակամ զիջումները ոչ թե տրամադրում են Թուրքիային կամ Ադրբեջանին մեզ հետ կարգավորել հարաբերությունները, այլ բացում են ախորժակը ավելին ու ավելին ստանալու՝ վերջնանպատակ ունենալով հային զրկել հիշողությունից, ինքնությունից, բարոյականությունից, ոգուց, ապագայից, իսկ Հայաստանը՝ հայաթափել, այլասերել և վերջնական կապիտուլացնել։ Հարցրեք ձեր ծանոթներին՝ ինչպես են իրենց զգում հայերը հիմա ամբողջ աշխարհում՝ ընկճված, պարտված, խեղճացած։ Մեզ կապիտուլացնելը սկսվում է հենց այս հոգեվիճակի բազմապատկումից։
Սա է հեռանկարը, եթե Նիկոլ Փաշինյանը իր թիմով չզրկվի իշխանությունից։ Այս ամենը մեզ չի սպառնա, եթե քաղաքական հայտ ներկայացնեն մարդիկ, որոնք այս իշխանության հետ չեն համագործակցել և պատրաստ են պատասխանատվություն ստանձնել երկրի համար։
– Տիկի՛ն Սամսոնյան, պոլսահայ գործիչ Կարո Փայլանն ասում է, որ եթե խաղաղության պայմանագիր կնքվի Հայաստանի հետ, ապա Հայաստանը ցորենի 40%-ը կարող է գնել Թուրքիայից, գազի 40%-ն էլ՝ Ադրբեջանից։ Իրատեսակա՞ն է Փայլանի այս ու նաև այն ասածը, թե Թուրքիայում չկա մարդ, որ դեմ է Հայաստանի հետ սահմանի բացմանը։
– Լրագրողը Կարո Փայլանին պետք է հարցներ՝ իսկ արդյոք լա՞վ են արել քրդերը, երբ մի քանի կոպեկ փողի համար ջարդել են հայերին Դեր Զորում։ Այսինքն՝ ըստ այդ պոլսահայ գործչի՝ մեր անվտանգությանն օրուգիշեր սպառնացող երկու հարևաններին Հայաստանը պետք է զիջի իր պարենային և էներգետիկ անվտանգությունը։ Պետք է հասկանալ, թե ի՛նչ առաքելությամբ է Կարո Փայլանը եկել Հայաստան և դա ասում։
Այսօր Հայաստանում տեղի է ունենում ռուսական և թուրքական շահերի բախում։ Թուրքական շահերը Հայաստանում ներկայացվում է արևմտյան ուղղության պրոպագանդայով, և նպատակը մեկն է՝ հանել Հայաստանը ռուսական ազդեցության տակից և այդ ազդեցության մանդատը տալ Թուրքիային։ Մեր իշխանությունները ևս այս գծի մեջ են։ Իսկ միամիտ ժողովրդին այս ամբողջը ներկայացվում է որպես «դուրս գալ ռսի սապոգի տակից և ինտեգրվել քաղաքակիրթ աշխարհին»։ Եթե ես ԱԱԾ պետ լինեի և հատիկ-հատիկ ստուգեի, թե որտեղից է գալիս այդպիսի պրոպագանդայի ֆինանսավորումը, վստահ եղեք՝ թուրքական հետքը կգտնվեր։
– Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի գործող իշխանությունն ի՞նչ քաղաքականություն է որդեգրել ու ի՞նչ նպատակ է հետապնդում այդպիսով։
– Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը մեկն է՝ «ասեք՝ անենք»։ Ուրիշ քաղաքականություն չկա։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am