Փետրվարի սկզբին Հայստանի վարչապետն աշխատանքային այցով մեկնելու է Միացյալ Նահանգներ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ պաշտոնական հանդիպում նախատեսված չէ: Այդ մասին այսօր ասուլիսում ասել է ինքը Նիկոլ Փաշինյանը: Բայց, սպասվում են մի շարք կարևոր աշխատանքային հանդիպումներ:
Ի՞նչ նպատակով է վարչապետը մեկնում ԱՄՆ ու արդյոք կարող է ստացվել այնպես, որ Թրամփի հետ, այնուամենայնիվ, հանդիպեն: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Վարչապետը Վաշինգտոն է մեկնելու: Այնտեղ անցկացվելու է երկու կարևոր միջոցառում: Կրոնական ազատության «Ալյանսի» հերթական՝ 5-րդ գագաթնաժողովը և այսպես կոչված «Ազգային աղոթքի նախաճաշը»:
Նախագահ Թրամփի հետ պաշտոնական հանդիպում նախատեսված չէ, թեև, ըստ որոշ տեղեկությունների՝ հայկական կողմը դեռ շաբաթներ առաջ դիմել էր այդպիսի աշխատանքային հանդիպում անցկացնելու առաջարկով, բայց դրական պատասխան մինչ օրս չի ստացել:
ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական հայամետ գործիչները ևս փորձել են այս հարցում օգտակար լինել, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ նախագահը վարչապետի հետ հանդիպելու հնարավորություն կունենա:
Բանն այն է, որ այդ «Ազգային աղոթքի նախաճաշ»-ին միշտ անձամբ ներկա է լինում ԱՄՆ նախագահը, միշտ անձամբ է ողջունում հյուրերին, եթե պետությունների առաջին դեմքերն են, արարողակարգային լուսանկար է կազմակերպվում: Այդ հանդիպումն առիթ է ընդամենը և միգուցե հնարավոր կլինի նաև երկխոսությունը շարունակել արդեն ոչ միայն կանգնած, այլև՝ նստած, եթե այդպիսի ցանկություն ունենա ԱՄՆ նախագահը»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Իսկ մինչ այդ Փաշինյանը Թրամփի հետ պաշտոնական հանդիպումներ ունեցե՞լ է: Ի՞նչ են իրենցից ներկայացնում այն միջոցառումները, որոնց մասնակցելու համար է Փաշինյանը մեկնում Վաշինգտոն: