Միմյանց տուն գնալու փոխարեն՝ օնլայն հաղորդագրությունների ճոխ «տեսականի», ճոխ սեղանների փոխարեն՝ ավելի պրակտիկ սննդացանկ, հախուռն գնումներ, բայց հայրական օջախի փոխարեն՝ ռեստորան կամ արտերկիր։ Ամանորը մեզանում միշտ էլ ընտանեկան տոն է եղել, բայց տարիների ընթացքում տոնին պատրաստվելը և տոնը նշելու սովորույթները որոշ փոփոխությունների են ենթարկվել։ Ամանորը նշելու վարքաբանական փոփոխությունների մասին Սոնա Հակոբյանը զրուցել է ազգագրագետ Սվետլանա Պողոսյանի հետ։
Ավանդական հասարակություններում Ամանորն, առհասարակ, համարվում է ընտանեկան տոն․ ընտանիքի բոլոր անդամներն աշխատում են այդ օրը միասին անցկացնել, հավաքվել հայրական օջախում, անգամ եթե առանձին են ապրում։ Ամանորն այսօր էլ հայերի ամենասիրած տոներից է, միայն թե վերջին տարիներին որոշ նոր միտումներ են ի հայտ եկել, փոխվել է Ամանորի ընկալումն էլ, նշելն էլ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը։
«Որոշակի սոցիալական խավեր, հատկապես երիտասարդների շրջանում նախընտրում են Ամանորը նշել սպասարկման օբյեկտներում, ասենք՝ ռեստորաններում կամ նախընտրում են Ամանորն անցկացնել այլ երկրներում: Մեկ այլ փոփոխություն․ աշխատում են ավելի քիչ հյուր գնալ, որովհետև մի տեսակ այդ իրարանցումը, իրար հյուր գնալը պարտքի պես բան է ստացվում։ Սեղան դնել, հավաքել, աման լվանալ և այլն։ Դրա համար այդ տենդենցը հստակորեն երևում է, որ աշխատում են դրսում, ոչ թե տանը նշել»։
Ամանորը հայկական ընտանիքում սովորույթներով է ուղեկցվում․ ընդունված է, որ պետք է պատրաստվի յոթ ճաշատեսակ, 7 աղանդեր։ Ամանորյա ճաշացանկում բացառվում էր միսը: Պատճառը Սուրբծննդյան պասն էր, որն ընդգրկում էր նաև հունվարի 1-ը՝ Ամանորի ամենակարևոր օրը: Հնում նոր տարվա գիշերը թարմացնում էին ջրի պաշարները, անպայման հաց թխում, որի թթխմորից տալիս էին երեխաներին ուտելու, որ ողջ տարին առողջ լինեն: Տան դուռը երբեք չէր փակվում: Առավոտ շուտ սկսվում էին փոխայցերը։ Բոլոր հյուրերը համարվում էին սպասված։ Այցելում էին տոհմի մեծերին, ծնողներին, խնամիներին, հարևան ու քավորին, գյուղապետին, քահանային: Շնորհավորելու դատարկաձեռն չէին գնում․ առնվազն մի խնձոր էին ավելացնում սեղանին՝ բարեկեցության և երկարակեցության մաղթանքով: Տուն մտնելիս առաջին քայլն աջ ոտքով էր, որ ձախորդություններից հեռու լինեն։
Այս սովորույթներից մի քանիսը պահպանվել են, բայց որոշ չափով փոփոխված․20-րդ դարակեսից սկսած՝ հայկական Ամանորը որոշ նորամուծությունների է ենթարկվել։ Ազգագրագետ Սվետլանա Պողոսյան․
«Մի միտում կա, որն ինձ դարձյալ զարմացնում է։ Մարդիկ դեկտեմբերից արդեն իրենց տոնական ծառը զարդարում են։ Ես հիշում եմ մանկության տարիներին, մենք տոնի նախօրեին էինք զարդարում, որովհետև այդ բոլորը ժամանակի և տարածության մեջ պետք է իմաստավորված լինի։ Հիմա մենք կարծես կրկնում ենք որոշներին, արդեն դեկտեմբերի սկզբներից զարդարում ենք՝ դրանով կորցնելով տոնի հեքիաթային զգացողությունը, որովհետև, եթե դու միշտ տեսնում ես այդ տոնական լույսերով ողողված տունը՝ անընդհատ փայլփլուն և այլն, Ամանորը կորցնում է իր մոգականությունը»:
Ամանորյա փոփոխված միտումներին ևս մեկն է ավելացել։ Շնորհավորանքները դարձել են օնլայն ու երբեմն՝ սեղաններից ճոխ։ Գաջեթները գուցե նոր հնարավորություններ են ստեղծել, բայց նաև օտարացնող են։ Եթե նախկինում, անգամ շատ զբաղված լինելով, գիտեինք, որ գոնե Ամանորին անպայման այցելելու ենք մեր ազգականներին, այսօր սահմանափակվում ենք տեսազանգով կամ հաղորդագրությամբ, այն էլ՝ երբեմն ավտոմատ ուղարկվող։ Ավելին՝ եթե նախկինում Ամանորին ընտանիքով ֆիլմ էին դիտում, այսօր երբեմն նույնիսկ հեռուստացույց չենք միացնում։ Ամանորն այսօր ավելի նախընտրելի է վիրտուալ կյանքում նշել։
«Մարդիկ իրենց սարքավորումների և համակարգիչների մեջ են , և նույնիսկ հավաքների ժամանակ մենք նկատում ենք, որ խորթացման վտանգ կա»։
Ազգագրագետը նկատում, է որ հիմա նույնիսկ նախատոնական իրարանցումն է այլ։ Սվետլանա Պողոսյանը վերջին 10 տարիներին հատկապես ամանորյա գնումների և սեղանի փոփոխություններ է նկատել։ Ամանորյա սեղանն ավելի ճոխ ու ակնահաճո է դարձել, դիզայներական ու գունային լուծումներով, բայց, միաժամանակ, մոռացվել են գեղեցիկ շատ սովորույթներ, որ ունեին հին հայերը:
«21–րդ դարի սկզբներին նկատում էինք, որ մարդիկ մի տեսակ մրցակցության մեջ են միմյանց հետ: Նրանցից շատերը նույնիսկ պարտք էին անում, որպեսզի իրենց տոնական սեղանը լինի առատ, որովհետև հավատալիք կար, որ ինչպես դիմավորես նոր տարին, այնպես էլ այն կանցնի: Բայց հիմա կարծես այդ խիստ մրցակցությունն այդքան էլ չկա: Հիշում եմ, որ խորհրդային շրջանում խոճկորը՝ տապակած, խորոված, այդպես էլ մնում էր, ոչ ոք ռիսկ չէր անում ձեռք տալ։ Բուտաֆորիայի պես բան էր։ Այնուամենայնիվ, մենք շարունակում ենք մնալ սպառողական հասարակություն: Մարդիկ անպայման ուզում են հնարավորինս լավ նշել, և մեզանում կա այդպիսի մի միտում, որ ուզում ենք ցույց տալ ավելին, քան կանք»:
Կյանքի տարբեր շրջափուլերում Նոր տարին նորովի ենք դիմավորում։ Անփոփոխ են տոնի խորհուրդն ու մաղթանքների ջերմությունը։