ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «ՀԱյրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, որը 2018 թվականից հետո մի կարճ ժամանակ զբաղեցրել էր նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, 2024 թվականի վերջին օրերին հյուրընկալվելով «Imnemnimi» պոդքաստին, խոսեց ՀՖՖ նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանի անվան շուրջ իրականացվող քարոզչությանը, իբրեւ թե նա որպես «նախկին» մասնակցել է թալանին եւ ՀՖՖ-ից յուրացրել է 150 մլն. դրամ:
«Նախ, վստահաբար ասում եմ. աշխարհի բոլոր քննիչները փորեն, քանդեն, ինչ էլ անեն, չեն գտնելու Ռուբեն Հայրապետյանի կողմից յուրացված մի դրամ ֆուտբոլի ֆեդերացիայում: Եվ չեն գտնելու, որովհետեւ չկա: Ավելին ասեմ. եթե փորձաքննություններ նշանակեն, թե շինարարության վրա Ռուբեն Հայրապետյանը ինչքան փող է ծախսել եւ բյուջեով ինչքան փող է նախատեսված եղել, կտեսնեն, որ ահռելի գումարներ Ռուբեն Հայրապետյանը ծախսել է իր գրպանից՝ Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլային ինֆրաստրուկտուրա կառուցելու համար: Ի դեպ, այդ քրեական գործով ես հարցաքննվել եմ որպես վկա եւ որպես վկա ցուցմունք եմ տվել, մանրամասն նշել ու հորդորել եմ քննչական մարմնին, որ նշանակեն փորձաքննություն, որովհետեւ կտեսնեն՝ այս մարդը ոչ թե յուրացրել է, այլ հակառակը, իր գրպանից մի բան էլ ծախսել է»,-ասել է պարոն Վանեցյանը, որը ֆեդերացիան գլխավորել է Հայրապետյանից անմիջապես հետո:
Արթուր Վանեցյանը չէր դիտել այդ գործով Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանի հրավիրած ասուլիսը, որտեղ վերջինը ասել է, որ Ռուբեն Հայրապետյանը $ 2,5 մլն. ծախսել է չարտերների վրա: «Այո, ծախսել է եւ դա ֆիքսված է: Այսօրյա ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն էլ, փոխնախագահն էլ դրա մասին շատ լավ գիտեն, որովհետեւ այդ չարտերներով իրենք էլ են թռել: Ու գիտեն, որ այդ փողերը տվել է Ռուբեն Հայրապետյանը: Ուղղակի փաստաբանը չի ասել, թե էլ ինչեր է արել Ռուբեն Հայրապետյանը հայկական ֆուտբոլի համար: Ռուբեն Հայրապետյանի մասին կարող են լինել տարբեր կարծիքներ՝ լավ, վատ: Մենք այս պահին դա չենք քննարկում: Ես ասում եմ. Ռուբեն Հայրապետյան, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ:
Գնացեք, հարցրեք ֆուտբոլիստներին, գնացեք, հարցրեք ֆուտբոլային աշխարհի մարդկանց: Ու հարցրեք ինձ, ով ընդունել է ֆուտբոլի ֆեդերացիան Ռուբեն Հայրապետյանից: Ֆուտբոլի ֆեդերացիան Ռուբեն Հայրապետյանից ընդունել ենք մեծ, մինչեւ 2024 թիվը կանխատեսելի բյուջեով, որը՝ ամբողջը ստանալու էինք միջազգային կառույցներից: Ֆուտբոլի ֆեդերացիան մի դրամ մի լումա Հայաստանի պետական բյուջեից չի ֆինանսավորվել մինչեւ Արմեն Մելիքբեկյանի՝ ֆեդերացիայի նախագահ դառնալը:
Ֆուտբոլի ֆեդերացիան հասարակական կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի կողմից: Ինչպես նաեւ ստեղծում է իր մարկեթինգային պրոդուկտները, որը վաճառում է եւ ստանում է փող՝ խաղերը, տոմսերը, գովազդները եւ այլն: Ու դրա համար ֆուտբոլի ֆեդերացիան ամենախոշոր հարկ վճարողներից է:
Հիմա ասում են՝ Ռուբեն Հայրապետյանը փող է յուրացրել՝ 150 միլիոն դրամ: Ամրամ Մակինյանը համեստություն է արել եւ չարտերների համար էլ է համեստ թիվ ասել: Որ մեր ֆուտբոլիստները հաղթում էին, պարգեւատրում էին ստանում, ինչը բյուջեում ոչ մի ձեւով նախատեսված չէ: Այնպես որ, Ռուբեն Հայրապետյանին մեղադրել ֆուտբոլի ֆեդերացիայից գումարներ յուրացնելու մեջ, դա առնվազն տհասություն է եւ անհեթեթություն»,-վստահեցրել է Արթուր Վանեցյանը:
Նա նաեւ պատմել է, թե ինչպես է եղել, որ ինքն է Ռուբեն Հայրապետյանից հետո ստանձնել ՀՖՖ նախագահի պաշտոնը: «Երբ եղավ այն, ինչ որ եղավ, նաեւ Ռուբեն Հայրապետյանին էր պարզ, որ հասնելու է նաեւ ֆուտբոլի ֆեդերացիային: Եվ ի պատիվ իրեն, Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Ես պատրաստ եմ գնալ, բայց պետք է իմանամ, թե ում եմ հանձնում ֆեդերացիան, որովհետեւ իմ համար շատ կարեւոր է հայկական ֆուտբոլի ապագան, քանի որ շատ գործ ենք արել»: Ու խոսքից՝ խոսք, եկանք, հասանք նրան, որ նա ասաց. «Եթե դու լինես, ես մեծ սիրով կզիջեմ»: Ընդ որում, մի բան պետք է հասկանալ. Եթե ֆուտբոլի նախագահին քաղաքական ճնշման ենթարկես, մի նամակ է գրում ՈՒԵՖԱ-ին եւ ֆեդերացիային զրկում են ՈՒԵՖԱ-ի անդամակցությունից՝ ֆինանսավորումից, չեմպիոնատներին մասնակցելուց եւ այլն: Ու դու վերջանում ես, ինչպես արել են Ադրբեջանի ու Ալբանիայի հետ: Ռուբեն Հայրապետյանը բարձր մակարդակով կազմակերպեց հանձնում-ընդունում գործընթացը եւ ասաց. «Ես գնամ, որ հայկական ֆուտբոլին չվնասեմ», – ասել է Արթուր Վանեցյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: