Տղերք ջան, առաջնահերթ առաջնագծի տղաներին եմ կարևորում, իսկ սպան պիտի առաջնորդ լինի. 2025-ին թող կորուստներ չլինեն. ապագա սպաների ամանորյա մաղթանքը

Նոր տարվա նախօրեին Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ լրագրողական խմբով այցելել էինք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, որտեղ արդեն տոնական միջավայր կար ստեղծված:

Մեզ դիմավորած կուրսանտներից ուշադրությունս գրավեցին ապագա հրետանավոր Մխիթար Գևորգյանը՝ Աշտարակից, և կապավոր Սուրեն Քոչարյանը՝ Երևանից:

Իրարից շատ տարբեր երկու ապագա սպա. նրանց միջև նաև տարիքային տարբերություն կա, բայց երկուսն էլ գիտակցված են ընտրել իրենց մասնագիտական ուղին:

Առաջնահերթ առաջնագծի տղաներին եմ կարևորում…

Մխիթարը մինչև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունվելը սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում՝ զինվորական հայրն է այդ ժամանակ ձեռքից բռնած տարել:

«Վարժարանից հետո որոշել եմ ուսումս շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում և ընտրել հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը: Ընտրել եմ հրետանավորի մասնագիտությունը, որովհետև հրետանին համարվում է պատերազմի աստվածը»,- հպարտությամբ նշում է Մխիթարը, հետո կիսվում իր պատկերացումներով, թե ինչպիսին պիտի լինի սպան:

«Սպան առաջին հերթին՝ պիտի լինի կիրթ, իր ընտրած մասնագիտությանը պիտի տիրապետի առավելագույն ձևով, որպեսզի կարողանա կառավարել իր զորքին ու անձնակազմը: Սպան նաև զինվորի համար պիտի լինի որպես երկրորդ ծնող, որովհետև նա է երկու տարի պատասխանատու զինվորի համար և հենց նա է պատասխանատվություն կրում զինվորի ծնողների դիմաց»:

Եվ քանի որ մեր այցը նախորդում էր տոնական օրերին, խնդրեցի, որ Մխիթարը նաև ամանորյա շնորհավորանք և մաղթանք հղի:

«Իմ մաղթանքն եմ ուզում հղել մեր ողջ հայ ազգին, մեր զինվորներին, առաջնագծում կանգնած տղաներին: Առաջնահերթ առաջնագծում կանգնած տղաներին եմ կարևորում: Տղերք ջան, ամենակարևորը՝ հանգիստ և խաղաղ լինի: Ցանկանում եմ, որ 2025 թվականին միայն հաջողություններ լինեն, բարգավաճում և ոչ մի բնագավառում չլինեն կորուստներ»:

Սպան նախևառաջ պիտի առաջնորդ լինի

Սուրենը Մխիթարից մի քանի տարի մեծ է, և եթե Մխիթարը խոսելիս հուզվում էր, փորձում թաքցնել իր ժպիտը, որովհետև լուրջ թեմաներից է խոսում, ապա Սուրենը շատ բծախնդրորեն է ընտրում ցանկացած բառ:

«Ռազմական ակադեմիա ընդունվելու և հայրենիքի պաշտպան դառնալու ցանկությունն ինձ մոտ առաջացել է վաղ տարիքից, մանկուց: Միտքը եղել է այն, որ ես կարողանամ իմ հայրենիքին օգուտ տամ, նպաստեմ իմ հայրենիքի զարգացմանը: Մասնագիտությամբ կապավոր եմ: Այն ընտրել եմ՝ հաշվի առնելով, որ կապի դերը մեծ է, այն ամեն տեղ պետք է, զորքի ղեկավարման հիմնական միջոցն է, առանց դրա՝ չի կարող իրականացվել ղեկավարում իրական մարտական գործողությունների պայմաններում»,- պատմում է Սուրենը:

Ապագա սպայի կարծիքով՝ սպան պիտի նախևառաջ առաջնորդ լինի:

«Սրան կավելացնեմ՝ առաջնորդը դա հայր է, ով պիտի իր զավակների մասին հոգ տանի և փորձի օգնել: Եթե ընտանիքում հայրը կայուն չեղավ և ճիշտ վերաբերմունք ցույց չտվեց, ամեն ինչ կարող է հակառակ իրեն շրջվել: Իմ ամենասիրած հերոսը ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանն է, որի խոսքերն ինձ շատ են ոգևորել դեռ մանկուց: Նա ասել է՝ իմ կենացը մի խմեք, այլ իմ գործը շարունակեք: Մենք ունենք ռազմական ակադեմիա, կարող ենք ստանալ ռազմական կրթություն, շարժվել առաջ և ստացած գիտելիքների շնորհիվ դառնալ առաջնորդ»,- շարունակում է Սուրենը:

Իսկ իր ամանորյա մաղթանքում նա հորդորում հայ ժողովրդին հպարտանալ իր պատմությունով:

«Ուզում եմ, որ 2025 թվականը հաջող տարի լինի մեր պատմության մեջ: Ես ուզում եմ, որ հայերը միշտ հպարտ և ուժեղ լինեն, որովհետև հայ են, որովհետև մենք ունենք շատ ուժեղ կերտած պատմություն: Ես ուզում եմ, որ մենք հպարտանանք մեր պատմությունով»:

Բնականաբար, տղաների հետ մեր զրույցն այսքանով չսահմանափակվեց:

Երիտասարդության շրջանում այսօր բազմաթիվ արատավոր երևույթներ կան արմատացած, որը նաև ներթափանցում է բանակ, բայց ունենք նաև լավ երիտասարդներ, որոնք զինվորականի ուղին են ընտրել: Եվ սա՝ չնայած նրան, որ հատկապես 44-օրյա պատերազմից հետո բանակը չի վերականգնել դեռ իր ուժերը և բարդ օրեր է ապրում, չնայած նրան, որ բանակը տարբեր կողմերից հարվածներ է ստանում և թիրախավորվում, հանրության կողմից վստահության վերականգնման խնդիր էլ կա: Եվ այն, ինչ այսօր պահանջվում է ռազմական և քաղաքական ղեկավարությունից՝ չկաշկանդել այս տղաներին, որովհետև սպայի, զինվորի կաշկանդված լինելը ծանր հետևանքներ է ունենում:

Հ.Գ. Ի դեպ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա այցելած լրագրողներին չհանդիպեց ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը:



Source link

Leave a Comment