Մի՛ թաքցրեք ձեր գեղեցկությունը դիմահարդարման ծանրության հետևում․ մասնագետը՝ 2025 թվականի նորաձևության ու շեշտադրումների մասին

«2025 թվականի նորաձևությունը կմիավորի յուրահատուկ էսթետիկան, համարձակությունն ու վերադարձը դեպի անհատականություն»․ սա Platon FF ապրանքանիշի հիմնադիր, ոճաբան Էրիկա Չիլինգարյանի մասնագիտական դիտարկումն է նորաձևության սպասվող թրենդերի մասին։

168am-ի հետ զրույցում Էրիկա Չիլինգարյանը 2025 թվականի նորաձևության մասին փակագծեր է բացել՝ խորհուրդ տալով՝ ինչպես ու ինչ հագնել, ինչպես հարդարվել ոչ միայն տոնական օրերին, այլև ողջ տարվա ընթացքում։

– Որո՞նք են 2025 թվականի նորաձևության հիմնական մոտիվները, թրենդերը ինչպե՞ս ու ի՞նչ հագնել։

– 2025 թվականի նորաձևությունը կմիավորի յուրահատուկ էսթետիկան, համարձակությունն ու վերադարձը դեպի անհատականություն։ Հիմնական տենդենցները սրանք են՝

Castlecore և միջնադարյան էսթետիկա. միջնադարյան տարրերով հագուստները, շղթայական վզնոցները, թավշյա զգեստները և շքեղ զարդերը սիրված կլինեն պատմական թեմաներն ու ռոմանտիկան նախընտրողների համար։

Մաքսիմալիզմ և շքեղություն. Ի տարբերություն նախորդ տարիների մինիմալիզմի՝ նորաձևությունը հակվում է դեպի դրամատիկ տարրեր, մեծ ծավալներ, շերտեր և հարուստ աքսեսուարներ: Պոպուլյար կլինեն այնպիսի նյութերը, ինչպիսիք են մետաղական գործվածքները, ծոպերը և քանդակագործական գծանկարները:

Aquamarine թեմա. ստորջրյա ներշնչված տեսքը` ներառյալ գործվածքները, որոնք թեփուկներ են հիշեցնում, փայլուն նյութերը և կապույտի ու փիրուզագույնի վառ երանգները կդառնան ամառային թրենդ:

Դեղին գույն. Նորաձևության մեջ կլինեն դեղինի երանգները՝ փափուկ վանիլից մինչև հարուստ զաֆրան, որոնք ընդգծում են ուրախությունն ու էներգիան։

Վերադարձ անհատականությանը. առաջատար դիզայներները, ինչպիսիք են՝ Prada-ն և Saint Laurent-ը, շեշտում են ինքնարտահայտման կարևորությունը։ Հավաքածուի յուրաքանչյուր տարր ընդգծում է ոճի յուրահատկությունն ու հեռացումը նորաձևության «ալգորիթմական» միավորումից։

Ֆունկցիոնալության բարձրացում. Պոպուլյար է դառնում էլեգանտ հակումով սպորտային հագուստը, օրինակ, հարմարավետ տաբատներն ու պոլոները՝ յուրահատուկ գծերով և փափուկ գործվածքներով, որոնք կմիավորեն հարմարավետությունն ու ոճը:

Եթե դուք հարցնում եք՝ ինչպե՞ս հագնվել, ապա իմ պատասխանն է՝ հագնվեք այնպես, որ ձեզ հարմարավետ և ինքնավստահ զգաք: Հարմարավետությունն ու ինքնաբավությունը հիմքն են։ Թրենդերին հետևելը, իհարկե, հետաքրքիր է, բայց միևնույն ժամանակ կարևոր է պահպանել ձեր անհատականությունը, չկորցնել ձեզ՝ նորաձևությանը հետևելու ձգտման մեջ։ Յուրաքանչյուր ոճ կարելի է հարմարեցնել ձեր նախասիրություններին՝ ընդգծելով ձեր յուրահատկությունը:

– Ինչպե՞ս հարդարվել 2025 թվականին այս հարցն այսօր դարձյալ նորաձևությանը հետևողների թոփում է։

– Սա, թերևս, իմ ամենասիրած թեմաներից մեկն է: Դիմահարդարումը պետք է լինի նուրբ՝ ընդգծելով բնական գեղեցկությունը, չթաքցնելով այն։ Հիմնական սկզբունքը թեթևության զգացում ստեղծելն է, որպեսզի չնկատվի, որ մաշկի վրա կոսմետիկայի բազմաթիվ շերտեր կան։ Ծանր դիմահարդարումը հաճախ ոչ միայն անբնական է թվում, այլև ցուցադրում է ոճի զգացողության կորուստը: Ավելին՝ ավելորդ դիմահարդարումը կարող է ընկալվել որպես դիմահարդարման շերտերի հետևում սեփական անհատականությունը թաքցնելու փորձ։ Իսկական գեղեցկությունը վստահության, ճաշակի և ինքնարտահայտման ներդաշնակությունն է։

– Այսօր նորաձևության մեջ ո՞ր շեշտադրումներն են կարևոր։

– Մեր օրերում նորաձևության մեջ շեշտը դրվում է բնական գեղեցկության վրա է՝ առողջ, ձիգ կազմվածք և խնամված դեմք՝ առանց ավելորդ դիմահարդարման։ Կարևորը ձեր բնական անհատականությունն ընդգծելն է և ոչ թե այն կոսմետիկայի շերտերի տակ թաքցնելը։

Այնպես որ, սիրելի հայուհիներ, եղեք ավելի պարզ․ մի՛ գնացեք թրենդների հետևից, մի՛ թաքցրեք ձեր գեղեցկությունը դիմահարդարման ծանրության հետևում։ Իսկական ոճը բնականության և ինքնավստահության ներդաշնակություն է։



Source link

Leave a Comment