Բուլղարիայի վարչապետ Դիմիտար Գլավչևը խորհրդանշականորեն բացել է սահմանը, որը երկիրը բաժանում էր Շենգենյան գոտուց։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, «Կուլատա» անցակետում արգելապատնեշները վերացվել են, անձնագրային ստուգումներ չեն իրականացվում, տրանսպորտն առանց ուշացման հատում է Հունաստանի հետ սահմանային հատվածը։
«Երկար տարիներ սպասելուց և բազմաթիվ ստուգումներից հետո մենք շատ լավ պատրաստված ենք ազատ տեղաշարժ ապահովելու և Շենգենյան գոտու անվտանգությունը պահպանելու համար: Այսօր տեղի ունեցավ պատմական իրադարձություն, որը շատ մասնագետների ջանքերի գագաթնակետն է՝ Շենգենը դարձել է իրականություն։ Համոզված եմ, որ միասին աշխատելով մենք ավելի լավ կպաշտպանենք Եվրամիության արտաքին սահմանները»,- ասել է վարչապետը։
Սահմանային ոստիկանության տնօրեն Անտոն Զլատանովը բացատրել է, որ ազատ տեղաշարժը չի նշանակում վերահսկողության բացակայություն։
«Մեր աշխատակիցները կօգնեն կազմակերպել երթևեկությունը անցակետով, որպեսզի քաղաքացիները կարողանան հնարավորինս արագ հատել սահմանը, բայց միևնույն ժամանակ կբարձրացնեն զգոնությունը կասկածելի մեքենաները հայտնաբերելու համար: Վերահսկումը հիմնված կլինի պատահական ընտրության ու ռիսկերի վերլուծության վրա և կարող է իրականացվել 30 կմ սահմանային գոտում։ Սահմանային անցակետից դուրս հատուկ հսկողության գոտիներն արդեն վերազինվել են»,- լրագրողներին ասել է Զլատանովը։
Փորձագետների կարծիքով՝ բուլղարական սահմանների բացումը կօգնի տրանսպորտային ընկերություններին լրացուցիչ 500 մլն եվրո վաստակել՝ նվազեցնելով խցանումների մեջ նստած մեքենաների քանակը և կնպաստի զբոսաշրջության և առևտրի զարգացմանը։
2025թ. հունվարի 1-ին Բուլղարիան և Ռումինիան դարձել են Շենգենյան գոտու լիիրավ անդամներ։