Տարեմուտի օրերին «Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ն «Գորիս» քրեակատարողական հիմնարկում համերգ էր կազմակերպել։ Գորիսի մշակույթի կենտրոնի մենակատարները իրենց երգերով ուրախացրին պատիժ կրող անձանց։ Հայրենասիրական երգերից՝ մինչեւ սիրո երգեր ու համամարդկային թեմաներ։ Լսում էին կատարումները, բայց կարծես յուրաքանչյուրը մտովի ազատության մեջ լիներ, իրենց ընտանիքների ու ընկերների հետ։ Ասում են՝ մտածելու շատ ժամանակ ունեն, փորձում են գտնել ուղիղ ճանապարհից շեղվելու պատճառները։
Արսեն Բալաբարյանը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել էր։ 11 ամիս մնալով ազատության մեջ, դատախազի բողոքի հետո վերաքննիչ դատարանի որոշմամբ նորից հետ է տարվել կալանավայր։ «Ինչքան էլ մեղավոր չլինեմ, մեղքս ընդունել, զղջացել եմ։ Մաղթում եմ՝ որ 2025թ-ին բանտերում մարդ չլինի»,-ասում է Արսենը։
«Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Արտյոմ Մաղաքյանը կարեւորում է վերասոցիալականացման այս միջոցառումները։ «Ամեն ինչ պիտի անենք, որ պատիժ կրող անձինք չկտրվեն դրսից, ամեն մեկի հետ պիտի յուրովի աշխատես»,-ասում է մեր զրուցակիցը։ Արտյոմ Մաղաքյանը 2025թ.-ին խաղաղություն է ուզում, անփորձանք ու հանգիստ ծառայություն իր գործընկերներին, իսկ դատապարտյալներին՝ շուտափույթ ազատություն։
Վրեժ Բաղդասարյանը 44-օրյա պատերազմի մասնակից է․ նախ եւ առաջ շնորհավորում է հող հայրենիի համար նահատակվածների հարազատներին, հետո սահմանում կանգնած մարդկանց Ամանորը։ «Ընկան մեր ընկերները, որ մենք խաղաղ ապրենք։ Նրանց հիշատակը թող վառ մնա։ Ուզում եմ նաեւ, որ բախտի ու հզորության տարի լինի, ոչ մեկը չհայտնվի այստեղ»,-նշում է Վրեժը։
Ռազմիկ Օհանյանին տանը կինն ու երեխաներն են սպասում։ Երբեւէ չէր պատկերացնի, որ կհայտնվի անազատության մեջ։ «Մտածելու շատ բան ունեմ, բայց հիմա կարեւորը ապագայի ծրագրերն են։ Մաղթում եմ, որ իմ բախտակիցները շուտ ազատվեն․ հասնեն իրենց ընտանիքներին»,-ասում է Ռազմիկ Օհանյանը:
Մենակատարներ Հայկ Խաչատրյանը, Վաչե Մանվելյանը, Բաբկեն Մկրտչյանը, Ստեփան Բազունցը իրենց կատարումներով փորձում են տոնական տրամադրություն պարգեւել դատապարտյալներին։ Ոմանք՝ արձագանքում են երգիչներին, ոմանք՝ իրենց մտքերում հիշում ազատության օրերը։
Համերգի կազմակերպման գլխավոր աջակիցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Բարեգործական հիմնադրամն է (տնօրեն Արմեն Ստեփանյան), աջակցել են նաեւ «Սյունիքի մարզի ներդրումների ու զարգացման հիմնադրամը» (մարզպետ Ռոբերտ Ղուկասյան), Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Կապանի «Պրինց» հոլդինգի տնօրեն Էդգար Հակոբյանն ու Սիսիանի «Գրին Ռոդ»-ի տնօրեն Հրայր Գաբրիելյանը։ Տարեմուտի միջոցառումներ կազմակերպվել էին նաեւ «Աբովյան» եւ «Արմավիր» ՔԿՀ-ներում։ Այդ միջոցառումների մասին կպատմենք առաջիկայում։
Տեսանյութը՝ Ավետիս Մելքոնյանի
Տեսանկարահանման ու լուսանկարման համար դատապարտյալները տվել են իրենց համաձայնությունը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:












