
Դեկտեմբերի 31-ին, ժամը 21:00-ի սահմաններում Նոր կյանք-Արալեզ գյուղի ճանապարհին՝ գծանցի մոտ, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 31-ամյա Էրիկ Մ.-ի վարած «ՎԱԶ-2107» և 27-ամյա Գալուստ Շ.-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով վարորդները, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ Վեդու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն, որտեղից այնուհետև ռեանիմոբիլներով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը։
«Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի օպերատիվ խումբը։
Վթարի մասին ոստիկանության Վեդիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վեդիի բաժնի հատուկ պահպանվող տարածք»,-դեպքի մասին հայտնում է shamshyan.com-ը։