Օգտակար խորհուրդներ
- Որպեսզի սառնարանի մեջ օդի ճիշտ շրջանառությունը չխախտվի, նրա մեջ չափից շատ մթերքներ չպետք է պահել։ Օդի շրջանառության խախտումը կրճատում է մթերքների պահպանման տևողությունը։
- Միրգը սառնարան դնելուց առաջ հարկավոր է լավ լվանալ ու սրբիչով չորացնել։
- Որպեսզի եփած միսը, կանաչեղենը չչորանան, սառնարանի մեջ դնելիս թղթով (ցանկալի է՝ պերգամենտի) պետք է այնպես ծածկել, որ դրանց շուրջը չխախտվի օդի շրջանառությունը։ Բայց ոչ մի մթերք չպետք է սառնարանի մեջ դնել պերգամենտի թղթով կամ պոլիէթիլենով ամուր փաթաթած, քանի որ առանց թարմ, սառը օդի հոսանքի՝ դրանք շուտ փչանում են։
- Հեղուկները` կաթը` սերուցքը, արգանակները, սառնարանի մեջ դնելիս ավելի լավ է լցնել շշերի կամ ապակե տարաների մեջ։
Եթե սառնարան չունեք
- Միսը կարելի է մեկ-երկու օր թարմ պահել, եթե այն փաթաթեք թունդ քացախի մեջ թրջած քաթանե կտորով։ Եփելուց առաջ միսը պետք է լվանալ սառը, հոսող ջրով։
- Եթե մսի վրա քսեք կիտրոնի հյութ, դնեք բացօթյա, զով տեղում և ծածկեք թանզիֆով, ապա այն 1-2 օր կմնա թարմ՝ նույնիսկ ամենաշոգ եղանակին։
- Միսը և ձուկը կարելի է համեմատաբար երկար ժամանակ թարմ պահել, եթե դրանց կտորների արանքում դնեք եղինջ և ապա փաթաթեք թաց շորի մեջ. այս մեթոդից հաջողությամբ օգտվում են, օրինակ, ձկնորսները։ Թարմ ձուկը զամբյուղի մեջ՝ եղինջի հետ, չի կորցնում իր սննդային հատկությունները։
- Որպեսզի ձուն երկար ժամանակ թարմ մնա, այն պատեք խոզաճարպով, փաթաթեք թղթով, դրեք զամբյուղի մեջ և կախեք քամահարվող տեղում։ Կամ էլ պատեք սպիտակուցով, թողեք չորանա, փաթաթեք թղթով և դրեք զամբյուղի մեջ։
- Կարագը երկար կպահպանի իր թարմությունը, եթե այն փաթաթեք յուղաթղթով և դնեք աղի ջրի մեջ։ Որպեսզի ջրի երեսը չբարձրանա, վրան կարելի է ափսե դնել։ Կարելի է նաև կարագը փաթաթել քացախի և ջրի խառնուրդով թրջած շորի մեջ։