«Ազատություն». Սիրիայի դե-ֆակտո ղեկավար, ԱՄՆ, ԵՄ և ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ աշ Շարաան (Մոհամադ ալ-Ջուլանի) դեկտեմբերի 31-ին հանդիպել է Սիրիայում բնակվող քրիստոնյաների հոգևոր առաջնորդների հետ, հաղորդում է Սիրիայի պաշտոնական SANA լրատվական գործակալությունը։
Կարճ հաղորդագրության մեջ հանդիպման մանրամասները չեն հրապարակվում։
Հղում կատարելով Սիրիայի գլխավոր հրամանատարությանը՝ միայն նշվում է, որ «սիրիական նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ աշ-Շարաան հանդիպել է Դամասկոսի քրիստոնյա համայնքի պատվիրակության հետ»։
Հրապարակված լուսանկարներից դատելով՝ հանդիպմանը մասնակցել է նաև Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչը։
Դեկտեմբերի 24-ին Սիրիայում հազարավոր քաղաքացիներ փողոց էին դուրս եկել՝ պահանջելով պաշտպանել քրիստոնյաների իրավունքները։ Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում Համա քաղաքի մերձակայքում դիմակավորված զինյալներն այրում են Սուրբ Ծննդյան տոնածառը:
«Մենք այստեղ ցույց ենք անում, որպեսզի պաշտպանենք մեր իրավունքներն ընդդեմ ագրեսիայի, որը տեղի է ունեցել Համայում՝ տոնածառի այրումը, եկեղեցիների վրա հարձակումները … Մեզ համար սա անընդունելի է։ Որպես քրիստոնյաներ՝ ցանկանում ենք, որ հարգվեն մեր իրավունքները», – հայտարարել էր ցուցարարներից մեկը։
Սիրիայում ապրում են բազմաթիվ էթնիկ և կրոնական խմբեր, և իշխանության գալուց հետո խմբավորումը խոստացել է պաշտպանել բոլոր փոքրամասնությունների իրավունքները։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: