Պետք է երախտապարտ լինեք, ձեր ձեռքին խաղաքարտեր չկան. Թրամփը Զելենսկիին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում հանդիպել է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ՝ հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ գործարք կնքելու համար։

Հանդիպման ընթացքում Թրամփն ու Զելենսկին լեզվակռվի մեջ են մտել, բարձրացրել են ձայները:

Թրամփն ասել է, որ Ուկրաինայի նախագահը պետք է փոխզիջման գնա Ռուսաստանի հետ բանակցություններում և գործարք կնքի Միացյալ Նահանգների հետ: Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Վաշինգտոնն արդեն սկսել է Մոսկվայի հետ խաղաղ համաձայնագրի պարամետրերի քննարկումը։

«Ես խոսել եմ նախագահ Պուտինի հետ, և մենք կփորձենք հասնել այն արդյունքի, որն ընդունելի կլինի երկուսիդ համար: Մենք պետք է բանակցենք գործարքի շուրջ: Բայց մենք նախանշել ենք շրջանակը: Կարծում եմ, որ ինչ-որ բան կարող է ստացվել», – ասել է Դոնալդ Թրամփը:

Նա ընդգծել է, որ ժամանակն է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը, և որ «Ռուսաստանը շահագրգռված է դրանում»։

«Սա դժվար գործարք է լինելու, քանի որ (խմբ. ձեր) վերաբերմունքը պետք է փոխվի: Դուք կամ գործարք եք կնքում, կամ մենք դուրս ենք գալիս, և դուք պետք է պայքարեք ինքնուրույն, բայց դուք չունեք խաղաքարտեր», – ասել է Թրամփը:

«Ես հասկանում եմ, որ դժվար է լինելու: Բայց դուք խաղաքարտեր չունեք: Երբ մենք ստորագրենք գործարքը, դուք ավելի լավ վիճակում կլինեք: Բայց դուք պետք է երախտագիտություն ցուցաբերեք: Դուք պետք է երախտագիտություն հայտնեք: Իսկ դուք չեք հայտնում: Դա այնքան էլ գեղեցիկ չէ», – շարունակել է Թրամփը:

Զելենսկին փորձել է պատասխանել ԱՄՆ նախագահին.

«Կարո՞ղ եմ ասել, պարոն նախագահ»։

Ինչին Թրամփը պատասխանել է.

«Ոչ: Դուք արդեն չափազանց շատ եք ասել: Դուք անարգում եք մեր երկիրը: Պետք է երախտապարտ լինեք: Մարդիկ մահանում են, դուք չունեք բավարար զորք: Դուք չեք կարող մեզ ասել՝ ես ուզում եմ, թե չեմ ուզում զինադադար», – ասել է ԱՄՆ նախագահը Զելենսկիին:

Source link

Leave a Comment