
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդին կոչ է արել դատապարտել Թեհրանի հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները՝ դրանք համարելով միջազգային իրավունքի խախտում։
«2025 թվականի հունվարին պաշտոնը ստանձնելուց ի վեր՝ ԱՄՆ նախագահը պարբերաբար անտեսել և խախտել է միջազգային նորմերն ու սկզբունքները, որոնց վրա խարսխված է ՄԱԿ-ը։ Անկախ պետությունների դեմ ուժ կիրառելու նրա կրկնվող սպառնալիքները վտանգավոր նախադեպ են ստեղծել միջազգային հարաբերություններում»,- ասվում է Իրավանի նամակում:
Հիշեցնենք, որ Թրամփն «աննախադեպ ռմբակոծություներ», «վատ բաներ» էր խոստացել Իրանին՝ միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի հետ համաձայնության չգալու դեպքում։
Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկքանն ԱՄՆ-ի կողմից սպառնալիքների ֆոնին հրաժարվել էր ուղիղ բանակցություններից, սակայն նշել էր, որ միջնորդների միջոցով երկխոսությունը շարունակելու հնարավորություն դեռ կա։