«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում մանդատը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորն այդ մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:
«Հարգելի հայրենակիցներ, ունեմ հստակ համոզմունք, որ քաղաքական գործընթացներում առանցքային դեր ունի քաղաքական պատասխանատվություն կրելու մշակույթը, իսկ դրա համար էլ համապատասխան կամք ու վճռականություն է պետք, ինչին ես միշտ տիրապետել եմ:
Անցած կիրակի Գյումրի քաղաքում իմ մասնակցությամբ, այսպես ասած, միջադեպերը համարում եմ ոչ վայել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի վարքին: ԱԺ պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ:
Ըստ այդմ՝ բոլորիցդ հրապարակային հայցում եմ ներողություն և պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս: Դիմումը այսօր սահմանված կարգով կհանձնեմ ԱԺ աշխատակազմ»,- նշված է գրառման մեջ
Պատգամավորը, միաժամանակ հայտնում է, որ այս պահից սկսած ինքնաառաջադրվում է որպես վարչության անդամի թեկնածու՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջիկա վարչության ընտրություններում:
«Ինձ համար միանշանակ է, որ մեր կուսակցությունը ունի լրջագույն առողջացման և կերպարանափոխման կարիք»,- ընդգծել է նա: