Չինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի շուրջ

Չինաստանի բանակը, նավատորմը, օդուժը եւ հրթիռային զորքերը ապրիլի 1-ին համատեղ զորավարժություններ են սկսել Թայվան կղզու մոտ: 

«Սրանք լուրջ նախազգուշացում եւ հզոր զսպող գործոն են Թայվանի անկախությանը կողմնակից սեպարատիստական ուժերի համար եւ օրինական եւ անհրաժեշտ գործողություններ են Չինաստանի ինքնիշխանությունը եւ ազգային միասնությունը պաշտպանելու համար»,- ասված է Չինաստանի բանակի Արեւելյան մարտական գոտու հրամանատարության ներկայացուցչի հայտարարության մեջ, որը մեջբերում է CNN հեռուստաալիքը:

Զորավարժությունների ընթացքում Չինաստանի զինված ուժերը «կմոտենան» Թայվանին «մի քանի ուղղություններից» եւ մանեւրումներ կմշակեն՝ ներառյալ «ծովային եւ ցամաքային թիրախների հարձակումը» եւ «հիմնական տարածքների եւ ծովային ուղիների շրջափակումը»:

Իր հայտարարության մեջ չինական կողմը Թայվանի նախագահ Լայ Լայ Ցինդեին անվանել է «մակաբույծ»: 

Չինաստանի ժողովրդական-ազատագրական բանակը տեսանյութ է հրապարակել Թայվանի շուրջ համատեղ զորավարժությունների մեկնարկի մասին:

Թայվանի իշխանությունները զորավարժություններն անվանել են «անխոհեմ» եւ «անպատասխանատու» եւ կոչ են արել ժողովրդավարական երկրներին «դատապարտել Չինաստանին խնդիրներ ստեղծելու համար»: Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ բարձր պատրաստվածության է բերել բանակը՝ Չինաստանի զորավարժություններին հետեւելու եւ «համապատասխան կերպով արձագանքելու» համար:

Չինաստանը Թայվանը համարում է իր տարածք: ՉԺՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են ուժով վերցնելու կղզին իրենց վերահսկողության տակ: Ըստ Bloomberg-ի 2024 թվականին ներկայացված գնահատականի՝ եթե Չինաստանը հարձակվի Թայվանի վրա, պատերազմը կարժենա համաշխարհային ՀՆԱ-ի 10%-ը, ինչպես նաեւ կհանգեցնի Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ուղղակի ռազմական բախման:

Leave a Comment