Եվրոպական հանձնաժողովը 910 միլիոն եվրո է հատկացրել ԵՄ Պաշտպանության հիմնադրամին

Եվրոպական հանձնաժողովը ԵՄ Պաշտպանության հիմնադրամին 910 միլիոն եվրո է հատկացրել նոր ռազմատեխնոլոգիական մշակումների համար՝ ընդգծելով, որ 2025 թվականին Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի նախագծերը առաջին անգամ կկարողանան ֆինանսավորվել այս հիմնադրամից։ Այս մասին ասվում է Եվրոպական հանձնաժողովի հայտարարության մեջ։

«Եվրոպական հանձնաժողովը 910 միլիոն եվրո է ներդրել Եվրոպական պաշտպանության հիմնադրամում՝ Եվրոպայում նորարարական պաշտպանական արդյունաբերություն ստեղծելու համար։ Այս ներդրումները նպատակ ունեն լրացնել գործառնական կարողությունների բացը, մասնավորապես՝ ուժերի շարժունակության, անօդաչու համակարգերի մշակման և դրանցից պաշտպանության ոլորտում։ Առաջին անգամ Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությունը կկարողանա մասնակցել Եվրոպական պաշտպանության հիմնադրամի միջոցով ֆինանսավորման համար նախագծերի ընտրությանը», – նշել է Եվրահանձնաժողովը։

Եվրոպական պաշտպանության հիմնադրամի բյուջեն 2021-2027 թվականների համար կազմում է 7.3 միլիարդ եվրո։ Ըստ Եվրահանձնաժողովի՝ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը նպատակ ունեն մինչև 2030 թվականը ԵՄ ռազմական ներուժի «որակական աճի»։

Leave a Comment