Ռյուդիգերը որակազրկվել է 6 խաղով

«Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում դրսևորած ոչ սպորտային պահվածքի համար որակազրկվել է 6 խաղով։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Ռեալի» ֆուտբոլիստներից երկու խաղով որակազրկվել է Լուկաս Վասկեսը, իսկ Ջուդ Բելինգհեմի կարմիր քարտը չեղարկվել է. անգլիացին ոչ մի հանդիպում բաց չի թողնի։

Հիշեցնենք, որ Ռյուդիգերը «Բարսելոնայի» դեմ խաղի լրացուցիչ ժամանակի վերջին վայրկյաններին երկու անգամ փորձել է սառցե փաթեթը նետել մրցավար Ռիկարդո Դե Բուրգոս Բենգոեչեայի ուղղությամբ, խաղընկերները միջամտել են և մեծ դժվարությամբ կանխել: Գերմանացին զայրացել է, երբ մրցավարը «Ռեալի» վերջին գրոհի ժամանակ Կիլիան Մբապեի կողմից կանոնների խախտում է տեսել Էրիկ Գարսիայի հետ պայքարում:

Գերմանացի ֆուտբոլիստի որակազրկումը կսպառվի Լա լիգայի 2025/26 մրցաշրջանի երկրորդ տուրում։

Leave a Comment