Դատավոր Արտուշ Գաբրիելյանին առնչվող վարույթի շրջանակում 2 անձ է կալանավորվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրին առնչվող վարույթի շրջանակում 2 անձ է կալանավորվել, Armenia Today-ին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել 2 անձի»,- հավելել է խոսնակը։

Ապրիլի 29-ին Օհանջանյանն Armenia Today-ին տեղեկացրել էր, որ քննչական գործողություններ են իրականացվում դատարանում։ Ավելի ուշ նա մանրամասնել էր, որ դատարանում ապացուցողական գործողություն է իրականացվել, նախաձեռնված վարույթը վերաբերում է կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերին։

ԶԼՄ-ները գրել էին դատավոր Արթուշ Գաբրելյանին բերման ենթարկելու մասին, ինչն ավելի ուշ հերքել էր փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Նա տեղեկացրել էր, որ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու հարցի քննարկումը հետաձգվել է։ 

Leave a Comment