ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացման վերաբերյալ օրինագիծ է պատրաստվում

ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի Մարդու իրավունքների հանձնաժողովում անցկացված «Մարդու իրավունքները Ադրբեջանում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP29 համաժողովից հետո» թեմայով լսումների ընթացքում հանձնաժողովի նախագահ, սենատոր Քրիս Սմիթը հայտնել է, որ «Ադրբեջանի ժողովրդավարության մասին ակտ» անվանումով օրինագիծ է պատրաստվում։

«Այս օրինագիծը նպատակաուղղված կլինի Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակի խնդրի լուծմանը»,- ասել է սենատորը։

Նա շեշտել է՝ Ադրբեջանը բռնապետություն է, իսկ նախագահ Իլհամ Ալիևը շահագործում է երկիրը՝ այն կառավարելով այնպես, ինչպես իր ընտանիքի կալվածքը։

«Բռնապետությունն ակնկալում էր, որ COP29-ը կլինի մի միջոցառում, որը թույլ կտա իրեն ձեռք բերել հեղինակություն և ճանաչում միջազգային շրջանակներում: Արդյո՞ք դա հաջողվեց: Ես չէի ասի, որ այդպես է: Սա այսօր մեր տված հիմնական հարցերից է: Մեկ այլ հարց է, թե ինչպիսի քաղաքականություն կվարի Կոնգրեսը Ադրբեջանի նկատմամբ Թրամփի վարչակազմի հետ իր հարաբերություններում»,- ասել է Սմիթը։

Նշելով, որ Ադրբեջանում բռնաճնշումները սրվել են COP29-ից առաջ և հետո, սենատորը հավելել է, որ այս տարվա փետրվարին երկրում քաղբանտարկյալների թիվը հասել է 357 մարդու, ինչը զգալի աճ է։ Նա ընդգծել է՝ շատ երկրներ չեն մասնակցել COP29 համաժողովին անցյալ տարվա նոյեմբերին կամ ուղարկել են ցածր մակարդակի ներկայացուցիչներ։

Իր ելույթում Սմիթը թվարկել է Ադրբեջանում գտնվող որոշ քաղբանտարկյալների անուններ՝ որպես օրինակ նշելով տնտեսագետ Գուբադ Իբադօղլուին և նրանց անհապաղ ազատ արձակման կոչ անելով։

Սենատորը նաև խոսել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների մասին՝ նրանց անվանելով քաղաքական բանտարկյալներ։

«Ալիևի կողմից էթնիկական ատելության հրահրումը նրանց համար շատ վտանգավոր է դարձրել այնտեղ ապրելը»,- ասել է Սմիթը։

Հիշեցնենք, որ լսումների ընթացքում ելույթներ են ունեցել նաև Արցախի նախկին ՄԻՊ ու պետնախարար Արտակ Բեգլարյանն ու Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment