Արցախից բռնի տեղահանված Նարինե Քոչարյանի ընտանիքը մինչև կառավարության՝ 40+10 հազար դրամի սոցիալական աջակցության վերանայումը ամսական ստանում էր 150 հազար դրամ, ապրիլից պետք է ստանար 40 հազար դրամ, քանի որ գործադիրի սահմանած թիրախային խմբում էր միայն ընտանիքի անչափահաս երեխան։ Կառավարության՝ ևս երկու ամսով 40+10 հազար դրամի աջակցությունը շարունակելու որոշումը արցախցիների համար կենսական նշանակություն ունի՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է Նարինե Քոչարյանը։
«Լավ է, որ գոնե 2 ամիս տանիք ենք ունենալու, որտեղ մնալու ենք։ Այն պատճառաբանությունը, որ մենք աշխատում ենք, գումար ենք ստանում, գոնե Հայաստանում յուրաքանչյուր բնակիչ գիտի, որ էդ աշխատավարձերով հազիվ կարողանում ենք գոյատևել, և այդ աշխատավարձի կեսը տա՞լ տան վարձ։ Հենց այդտեղից էլ բխելու էր մեծ մասի արտագաղթը»։
«Ռադիլուր»-ի զրուցակցի կարծիքով՝ սոցիալական աջակցության վերանայումը կամ դադարեցումը տրամաբանական կլիներ միայն այն դեպքում, երբ ամբողջությամբ վերանայվեր ու վերագործարկվեր արցախցիների բնակապահովման ծրագիրը։ Սեփական օրինակով է հիմնավորում՝ դեռ նոյեմբերից են դիմել ծրագրին ու ստացել բնակարան գնելու սերտիֆիկատ, նրանց ընտանիքին տրամադրվել է 9 միլիոն դրամ, ինչը, նրա խոսքով, բավարար գումար չէ ոչ միայն Երևանի ծայրամասերում, այլև Երևանին մոտ բնակավայրերում, օրինակ՝ Կոտայքի կամ Արմավիրի մարզում բնակարան ձեռք բերելու համար։
«Երևանի կենտրոնի մասին չեմ խոսում, ծայրամասային և հարակից քաղաքներում ուղղակի 9 միլիոն դրամով բնակարան գտնել հնարավոր չէ, չկա»։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը նախօրեին հայտարարել է, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակը, ի թիվս սոցիալական աջակցության այլ ծրագրերի քննարկման, գրավոր առաջարկություններ է խնդրել նաև բնակապահովման ծրագրի վերաբերյալ։ Իսկանդարյանի խոսքով՝ ուշադրության կենտոոնում է լինելու հատկապես մեկ շնչի հաշվով տրամադրվող գումարի շեմը բարձրացնելու հարցը։
«Յուրաքանչյուր անձի մասով գործում է 3-ից 5 միլիոն դրամի ծրագիրը։ Ընդունել են, որ կարող են շեմը բարձրացնել և, իհարկե, նաև գոտիները։ Միայն նշեմ, որ պատրաստ չեն քննարկելու Երևանի հարցը, բայց մենք պնդելու ենք, որ Չարենցավանը և Աբովյանը ևս ներառվեն չորս միլիոն յուրաքանչյուր անձի համար ծրագրում»։
Իսկանդարյանը նշել է նաև, որ ևս երկու ամսով սոցիալական աջակցությունը երկարաձգելու կառավարության որոշումից հետո արցախցիները կհավաքեն Ազատության հրապարակի վրանը և քննարկումները կշարունակեն Արցախի ներկայացուցչությունում։ Նրա խոսքով՝ այդ որոշման պատճառը նաև ֆինանսական խնդիրներն են։ Առաջիկա 10 օրվա ընթացքում խորհուրդը հանրությանը կներկայացնի արված աշխատանքի արդյունքները։
«Մենք ընդառաջ ենք գնացել կառավարությանը, քանի որ կարող ենք ներկայացնել, թե քանի կետով իրենք են հետքայլ արել և ընդունել, որ բարելավվելու կարիք ունեն այս ծրագրերը»։
Կառավարության նոր որոշման հիմքում լրացուցիչ ժամանակի անհրաժեշտությունն է։ Գործադիրը հիմնավորման մեջ մասնավորապես նշել է․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամանակ, անհրաժեշտ է տրամադրվող աջակցությունը 2 ամսով տրամադրել նաև թիրախային խմբերից դուրս բոլոր մյուս բռնի տեղահանվածներին՝ միաժամանակ 2 ամսով հետաձգելով կարիքավորության հիմքով լրացուցիչ սոցիալական աջակցության տրամադրման ծրագրի գործողությունը»։
Կառավարությունը 2024-ի նոյեմբերին էր որոշել ապրիլից բնակվարձի աջակցության ծրագիրը կրճատել ու դարձնել ավելի թիրախային։ Թիրախային խմբերում ընդգրկվել էին անչափահասները, կենսաթոշակառուները, հաշմանդամություն ունեցող անձինք և կերակրողին կորցրած ընտանիքները։ Նոր որոշմամբ՝ մինչև հունիս 40+10 հազար դրամի աջակցությունը կստանան նաև թիրախային խմբերում չընդգրկված արցախցիները։
Գործադիրն ապրիլից գործարկել էր մեկ այլ՝ անցումային կարճաժամկետ ծրագիր։ Այն դեպքերում, երբ հատկացված գումարը մեկ անձի հաշվով 55 հազար դրամից պակաս էր, ընտանիքը պետք է ստանար լրացուցիչ ֆինանսական աջակցություն։ Կառավարության նոր որոշմամբ՝ այս ծրագիրը կսառեցվի մինչև հունիս, այսինքն՝ այնքան ժամանակ, քանի դեռ ուժի մեջ է 40+10 հազար դրամի աջակցության ծրագիրը։