«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը
– Տիկի՛ն Կարապետյանց, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և ենթադրաբար թաղապետարանի աշխատակիցները այսօր հարվածել են ակտիվիստ Արթուր Չախոյանին: Նա ավելի վաղ սոցցանցում գրել էր, որ գնում է թաղապետարան՝ մասնակցելու հանրային քննարկման: Չախոյանին բերման են ենթարկել, իսկ վարչական շրջանի ղեկավարը միջադեպից հետո գնում էր ընդմիջման: Ինչպե՞ս եք վերաբերվում կատարվածին:
– Շատ տրամաբանական է, ոչինչ չէր հուշում, որ հակառակ իրավիճակը պետք է լինի, որովհետև Նորքի թաղապետն առաջինը չէ: Մենք ունեցել ենք մարդու վրա թքող ու պատասխանատվության չենթարկված Ազգային ժողովի նախագահ, մենք ունեցել ենք խուլիգանական վարքագիծ դրսևորած պատգամավորներ, ունենք ատելության խոսք տարածողներ, իշխանություններին յուրային պաշտոնյաներ ենք տեսել, որ պատասխանատվության չեն ենթարկվել, հետևաբար ոչինչ չէր հուշում, որ այստեղ այլ գործընթաց պետք է լիներ, ու Չախոյանի փոխարեն Նորքի թաղապետին պետք է տանեին բաժին: Ոչ մի զարմանալի բան չկա, ամեն ինչ «բնականոն» ընթացքով է տեղի ունենում:
– Հետագա ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել, պատասխանատվության ենթարկվողներ կլինե՞ն:
– Շատ դժվար է կանխատեսել, պատասխանատվությունն էլ մեր պատկերացրած օրենքի տառով չի լինելու, առավելագույնը կարող են աշխատանքից հեռացնել, կփորձեն գործն այնքան ձգձգել, որպեսզի պատասխանատվության հարց չբարձրանա, կամ մյուս տարբերակը՝ կփորձեն զոհաբերել: Հիմա տեսնենք, թե ի՛նչ գործիքակազմ կօգտագործեն, բայց, ամենայն հավանականությամբ, յուրայինները պատասխանատվության չեն ենթարկվում, որովհետև գլխավոր դատախազն էլ իր հերթին՝ տարբեր դրվագներով, ուղղակի որևէ մեղավորություն կամ պատասխանատվություն ենթարկելու հիմքեր չի տեսնում:
– Տիկի՛ն Կարապետյանց, որ տեսանյութը նայում եք, որքանո՞վ է սպասելի այդ հարձակումը Չախոյանի վրա:
– Ես չգիտեմ, թե դրան ինչ է նախորդել, բայց բոլոր իրավիճակներում պետական պաշտոնյան բռունցքներով հարց լուծելու իրավունք չունի, որևէ մեկը չունի, առավելևս՝ պետական պաշտոնյան, որովհետև եթե վարչապետը պնդում է, ու արդարադատության բոլոր պաշտոնյաները պնդում են, որ մենք ունենք արդարադատության բարեփոխված համակարգեր, դա պետք է մեկ լուծում ունենա. եթե կար խնդիր, դրան նախորդել էր ինչ-որ դեպք, ապա պետք է դիմեին դատարան ու պատասխանատվության հարց բարձրացնեին՝ պատվի, արժանապատվության, բայց բռունցքներով, թքելով, հայհոյանքով հարց լուծելն արդեն նրանց նախընտրած տարբերակն է, սա նրանց բնորոշ վարքագիծն է:
– Որքանո՞վ է տրամաբանական կամ արդարացված, որ բերման է ենթարկվում միայն, այս պարագայում՝ տուժող կողմը, խուլիգանության համար, իսկ մյուս կողմը՝ ոչ:
– Դա բացատրվում է նրանով, որ մենք չենք ապրում իրավական պետության մեջ, որքան էլ ներքին, արտաքին խաղացողները փորձեն համոզել Հայաստանի ներսում, թե սա իրավական պետություն է, իրականությունը բոլորովին այլ է: Եթե ոստիկանություն տանելու անհրաժեշտություն կար, ապա բոլոր մասնակիցներին պետք է հավաքեին ու տանեին, եթե տանում են միայն մեկ կողմին ու ընդգծված վարքագիծ են դրսևորում միայն մի կողմի՝ տուժողի, անհամաձայնի, ընդդիմադիրի նկատմամբ՝ սա ակնհայտ պատվերով համերգի է նմանվում: Ոստիկանությունը տարիներ շարունակ իրականացրել է օրվա իշխանության՝ անկախ անուն-ագանուններից, բութ գործիքի դերը: Հիմա բացարձակապես նույն գործիքակազմն է կիրառվում, ինչին ականատես ենք եղել 30 տարի շարունակ:
– Տիկի՛ն Կարապետյանց, իսկ ինչպե՞ս եք գնահատում այն կարծիքները, մեկնաբանությունները, որ նմանատիպ միջադեպերից հետո, նաև լրագրողների մասնակցությամբ, ասում են՝ դե, տերերի պատվերն է կատարում, ծախված լրագրող է, ծախված բլոգեր ակտիվիստ է:
– Անբարոյական եմ համարում ցանկացած հղում որևէ տեղից վարձատրվելուն, եթե մարդը խոսում է ռեալ խնդիրների մասին: Կարելի է չսիրել Տարոն Չախոյանին, կարելի է նրա քաղաքական հովանավորների հետ համաձայն չլինել, բայց մարդը Երևանի հետ կապված կոնկրետ խնդիրներ է բարձրացնում, շատ կոնկրետ ու առարկայական: Ակնարկել, թե ինքը ինչ-որ տեղից վարձատրվում է, դրա համար է այդպես անում, փոխարենը խոսել այն մասին, որ մայրաքաղաքի բյուջեն մսխվում է, կոռուպցիոն հանցագործություններ են տեղի ունենում, ես համարում եմ անբարոյականություն՝ անկախ նրանից, թե խոսողն ո՛վ է:
Մի հարց էլ ես տամ. իսկ որտեղի՞ց են վարձատրվում այդ մտքերն արտաբերողները, միգուցե իրե՞նք էլ են վարձատրվում պետական բյուջեից՝ ներկայանալով իբրև փորձագետներ, իսկ մի գուցե ա՞յլ եկամտի աղբյուրներ ունեն, որոնք երևացող չեն: Նման վարքագիծը ադեկվատ չէ, բարոյական չէ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am