ԱՄՆ կոնգրեսի՝ մարդու իրավունքների հանձնաժողովը քննարկել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը

ԱՄՆ կոնգրեսի Թոմ Լանտոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում լսումներ են անցկացվել Ադրբեջանում մարդու իրավունքների թեմայով։ «Մարդու իրավունքները Ադրբեջանում ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխության COP29 համաժողովից հետո» թեմայով լսումների ընթացքում անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կատարած էթնիկ զտումներին, Բաքվում պահվող հայ գերիներին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։ Լսումներին մասնակցել է նաև Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Նա ներկայացրել է Արցախում Ադրբեջանի կատարած հանցագործությունները։

ԱՄՆ կոնգրեսի՝ մարդու իրավունքների հանձնաժողովում «Մարդու իրավունքները Ադրբեջանում ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխության COP29 համաժողովից հետո» թեմայով լսումները նախագահել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Քրիս Սմիթը։ Բացման խոսքում Սմիթը հայտարարել է, որ իրենք պետք է աշխատեն Ադրբեջանում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ, պաշտպանեն հայկական մշակութային ժառանգությունը և բաց պահեն Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի հարցը։

Քրիս Սմիթը հայտնել է, որ մտադիր է կրկին Ադրբեջանի ժողովրդավարության մասին օրինագիծ ներկայացնել, որը ուղիղ քաղաքական և տնտեսական հետևանքներ կունենա Ադրբեջանի համար՝ այդ երկրում մարդու իրավունքների խախտումների և ռազմական հանցագործությունների առումով։ 

«Մենք պետք է շատ վճռական լինենք այս օրինագծի ընդունման հարցում․ այն պետք է լինի երկկուսակցական, որպեսզի մենք ցույց տանք, որ մենք բոլորս մեկ ալիքի վրա ենք ու խորապես մտահոգված ենք հատկապես ռազմագերիների և քաղաքական բանտարկյալների հարցով»։

Սմիթը հայտարարել է նաև, որ ամեն ինչ անելու են, որ այդ օրինագիծն ընդունվի։ 

Կոնգրեսականը կոչ է արել պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ԱՄՆ-ում գործող օրենսդրության շրջանակում։

«Մենք ունենք Մագնիտսկու գլոբալ ակտը, որը պետք է վերլուծենք, իսկ այնուհետև համապատասխանաբար կիրառենք մարդու իրավունքները խախտողների դեմ ամբողջ աշխարհում, ներառյալ Ադրբեջանը»։

Նա խոստացել է ուժեղացնել ԱՄՆ-ի ներգրավվածությունն ամենաբարձր մակարդակով, որպեսզի հնարավոր լինի հասնել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատարձակմանը և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել այդ հանցագործության համար։ 

Նա նշել է, որ կոնգրեսականները պետք է ամեն ինչ անեն հայ գերիների ազատարձակման համար, նաև ամեն ինչ պետք է անեն, որպեսզի այդ հարցը հասնի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։  

«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այս ամենը հասնի նրան (խմբ.-նկատի ունի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին), որովհետև նա, ճիշտ է, շատ զբաղված է, բայց խորապես հոգ է տանում մարդու իրավունքների մասին»։

Քննարկմանը մասնակցել են նաև ԼՂ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը։ 

Արտակ Բեգլարյանն իր ելույթում խոսել է երեք տարվա ընթացքում Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կատարած հանցագործությունների մասին։

«Մեծանալով կույր ու որբացած, իմ հայրենիքում ողբերգական հակամարտության պայմաններում՝ ես գիտեմ խաղաղության գինը, հակամարտության գինը և մարդու իրավունքների կարևորությունը։ Երեք տարիների ընթացքում Ադրբեջանը հաջողությամբ իրագործել է ցեղասպանություն իմ ժողովրդի՝ Արցախի հայերի դեմ։ Սա մեթոդոլոգիական գործողություն էր՝ շրջափակմամբ ու սովով, ռազմական հարձակումներով, քաղաքացիական բնակչության սպանություններով, մեր առաջնորդների և այլ հայրենակիցների անօրինական առևանգմամբ, մշակութային ժառանգության ոչնչացմամբ։ 2023 թվականի սեպտեմներին իմ ժաղովուրդը, այդ թվում՝ իմ ընտանիքը, բռնի կերպով տեղահանվել է Արցախից։ Մենք հիմա ունենք 150․000 բնիկ հայեր, որոնք տեղահանվել են ու հնարավորություն չունեն վերադառնալու հայրենիք»

Բեգլարյանն ասել է, որ Ադրբեջանում գործում է հայատյացության քաղաքականություն ու համակարգ, և որ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևն իր իշխանությունը պահում է այդ համակարգի վրա։ 

Փաստաբան Ջարեդ Գենսերն էլ շեշտել է, որ Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում սպառնում է ցմահ ազատազրկում՝ ավելի քան 40 կեղծ մեղադրանքներով։

«Ռուբեն Վարդանյանի դատավարությունը ծաղր է արդարադատության նկատմամբ, քանի որ դատավարությունն անցկացվում է փակ ռեժիմով՝ իրավաբանական խորհրդատվության բացակայության պայմաններում»։

Փաստաբանը միևնույն ժամանակ շեշտել է, որ Ռուբեն Վարդանյանը միայնակ չէ․ առնվազն 23 հայ դատապարտվում է կեղծ մեղադրանքներով, իսկ հարյուրավոր այլ հայեր բռնի կերպով անհետացել են։ 

Leave a Comment