Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դատապարտում է Նոր Նորք վարչական շրջանի միջադեպերը


Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարություն է տարածել Նոր Նորք վարչական շրջանում ապրիլի 29-ին և 30-ին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խստորեն դատապարտում է Նոր Նորք վարչական շրջանում այսօր և երեկ տեղի ունեցած միջադեպերը։
Հայհոյանքը, վիրավորանքը և բռնությունը՝ լինի դա հոգեբանական թե ֆիզիկական դրսևորմամբ, անընդունելի են։

Տարակուսանք է առաջացնում, որ իրավապահ մարմինների կողմից որևէ գնահատական չի տրվել և համապատասխան գործողություններ չեն ձեռնարկվել դեռևս երեկ Նոր Նորք վարչական շրջանի շենքում դրսևորված ակնհայտ խուլիգանական վարքագծին, ինչի հետևանքով հնարավոր դարձան հետագա սադրանքները և դրանց հաջորդած բռնությունը։

Ցանկացած տեսակի բռնություն, այդ թվում՝ հոգեբանական բռնությունը, որը կարող է արտահայտվել վիրավորանքի կամ անձի արժանապատվությունը նսեմացնելու միջոցով, անթույլատրելի է։ Նման դրսևորումները, կանխարգելման բացակայության պայմաններում, հաճախ հանգեցնում են ֆիզիկական բռնության։

Անհրաժեշտ ենք համարում հատուկ ընդգծել, որ միշտ պատրաստ ենք եղել և շարունակում ենք պատրաստ մնալ լսել կառուցողական և անգամ սուր քննադատություն, որը, սակայն, անհրաժեշտ է տարանջատել վիրավորական և անձի արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններից»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետարանի աշխատակիցների հետ ծեծի է ենթարկել իրենց հասցեին ավելի վաղ հայհոյանքներ հնչեցրած ակտիվիստ Արթուր Չախոյանին:

Ոստիկանության ծառայողները ակտիվիստ Արթուր Չախոյանին ուղեկցել են ոստիկանական բաժին՝ հաղորդում վերցնելու:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

147 դիտում

Leave a Comment