ԱՄՆ և Չինաստանի ներկայացուցիչները բանակցում են առևտրային համաձայնագրի շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր վարչակազմի ղեկավարության հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում:
«Հուսով եմ, որոշ պահի գործարքը կկայանա: Մենք բանակցում ենք Չինաստանի հետ»,- նշել է Թրամփը:
Նա նշել է, որ դրական է տրամադրված Չինաստանի և նրա առաջնորդ Սի Ցզինպինի նկատմամբ։
«Ինձ դուր է գալիս նախագահ Սին: Նավերը շրջվում են երթուղուց, որովհետև հրաժարվում են ապրանքներից, մաքսատուրքերի պատճառով չեն ցանկանում գնել: Ամբողջ Չինաստանում փակվում են գործարաններ, քանի որ մեզ անհրաժեշտ չէ նրանց արտադրանքը»,- հայտարարել է Թրամփը։
Ապրիլի 2-ին Թրամփը հրամանագիր էր ստորագրել այլ երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ փոխադարձ մաքսատուրքեր սահմանելու մասին: Դրանց նվազագույն տոկոսադրույքը 10 տոկոս է, իսկ 57 երկրների համար ապրիլի 9-ից ուժի մեջ են մտել բարձրացված տոկոսադրույքներ, որոնք հաշվարկվել են այդ երկրների հետ ԱՄՆ առևտրային ցուցանիշից ելնելով՝ հավասարակշռություն հաստատելու նպատակով։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ավելի քան 75 երկրներ ձեռնպահ են մնացել պատասխան միջոցներ կիրառելուց և հանդես են եկել բանակցելու առաջարկով: Ըստ այդմ, բոլոր երկրների նկատմամբ, բացառությամբ Չինաստանի, 90 օր կկիրառվի մաքսատուրքերի 10% դրույքաչափ:
Որոշ ժամանակ անց ԱՄՆ և Չինաստանը հայտարարել էին միմյանց նկատմամբ 125 տոկոսանոց մաքսատուրք սահմանելու մասին: Միացյալ Նահանգները Չինաստանի նկատմամբ սահմանել են ևս մեկ՝ 20% մաքսատուրք՝ սինթետիկ թմրանյութերի դեմ վերջինիս անբավարար պայքարելու մեղադրանքով: