Իսրայելի վարչապետի գրասենյակը պաշտոնապես հաստատել է Բենիամին Նաթանյահուի՝ Ադրբեջան հնգօրյա այցի մասին տեղեկությունը, որ կայանալու է մայիսի 7-11-ը: Ակնառու է, որ միջպետական այցերի համար սա անսովոր երկար ժամանակահատված է: Անգամ երեք օրը հազվադեպ է այդպիսի ձևաչափերում, որքան էլ երկրների միջև լինում է ջերմ հարաբերություն:
Նաթանյահուն հազիվ թե Ադրբեջան է այցելում զբոսաշրջության նպատակով: Հետևաբար, նրա հնգօրյա ժամանակացույցը վկայում է, որ Բաքվում, ըստ ամենայնի, կլինեն ոչ միայն պաշտոնական, այլ թերևս նաև ոչ պաշտոնական բավականին շատ հանդիպումներ ու քննարկումներ: Հարցն այն է, թե դրանք կլինեն միայն Ադրբեջանի՞ հետ, թե՞ նաև այդ օրերին Ադրբեջան կարող են ժամանել այլ «էմիսարներ», որոնք այս կամ այն պատճառով չեն մեկնի Իսրայել կամ Իսրայելի վարչապետը չի մեկնի համապատասխան երկրներ:
Հիշեցնեմ, որ Նաթանյահուն այսպես ասած օրդերի տակ է՝ միջազգային տրիբունալի: Թեև արդեն մի շարք երկրներ հայտարարել են, որ նրան չեն ձերբակալի՝ Լեհաստան, Ֆրանսիա, Հունգարիա, այդուհանդերձ, Նաթանյահուն, թերևս, գերադասում է այսպես ասած չփորձել ճակատագիրը: Մի բան հաստատ է, որ Ադրբեջանում հնգօրյա այցի ընթացքում չի լինի քննարկումների համար կարևոր օրակարգի պակաս: Ավելին, բացառված չէ, որ այդ հինգ օրն էլ կարող է չբավարարել, եթե հայացք ենք գցում մերձավոր ռեգիոնում ծավալվող իրադարձություններին: Անհանգիստ է Սիրիայում, ընդ որում՝ ոչ առանց Իսրայելի մասնակցության:
Իսրայելն անհանգիստ է թերևս Իրան-ԱՄՆ «տրեկում» դրական երանգներով, որոնք չեն մտնում Նաթանյահուի պլանների մեջ: Անհանգիստ է Հնդկաստանի և Պակիստանի միջև: Ընդ որում՝ այդ իրավիճակն արդեն իսկ հանգեցրել է նրան, որ Հնդկաստանի վարչապետ Մոդին կարող է բաց թողնել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթը: Ի դեպ, Պակիստանի ուղղությամբ նկատելի ակտիվություն է նշմարվում Թուրքիայի և Ադրբեջանի վարքագծում:
Այս բոլոր հարցերն, ըստ էության, իրենց հերթին կարող են առաջ բերել բազմաթիվ կարևոր ենթահարցեր: Ըստ ամենայնի՝ Ադրբեջանն այս իմաստով կարող է Նաթանյահուի համար վերածվել որոշակի «հաբի»: Ընդ որում՝ այդ իմաստով մյուս ուշագրավ հանգամանքը այն է, թե արդյո՞ք մայիսի 9-ին Մոսկվայում շքերթի մասնակցելու համար Իլհամ Ալիևը կլքի նրան՝ թեկուզ ժամանակավորապես, այցելելով Մոսկվա և հետ վերադառնալով: Իսկ կարո՞ղ է լինել «անակնկալ» Պուտինին, և Ալիևի օդանավից Մոսկվայում իջնի նաև Նաթանյահուն: