Վատ ենք ապրում մեր չիմացածի, լավ՝ մեր իմացածի չափով․ Փաշինյան – Armenia Today

Անհատի և հանրության կյանքն ավելի լավը դարձնելու գործիքն աշխատանքն է, թերևս մենք պետք է ուժ ունենանք խոստովանելու, որ վատ ենք ապրում մեր չիմացածի չափով և լավ ապրում ենք մեր իմացածի չափով, մայիսի 1-ին Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա իր ուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր բարեկեցությունն ընդլայնելու համար մեզ պետք է փոքրացնել մեր չիմացածի ծավալը և ընդլայնել մեր իմացածի ծավալը, իսկ սա հնարավոր է աշխատանքի և կրթության, կրթության և աշխատանքի ամենասերտ փոխկապակցման միջոցով։ Աշխատանքն, իհարկե, անհատի և հանրության կյանքն ավելի լավը դարձնելու անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, որովհետև գոհացուցիչ արդյունքներ բերում է միայն արդյունավետ աշխատանքը, իսկ արդյունավետ լինելու համար աշխատանքը պետք է հիմնված լինի գիտելիքի, շարունակաբար զարգացող հմտության, այսինքն՝ կրթության ու կրթվելու վրա»,- ասել է նա։

Փաշինյանի խոսքով՝ ցանկացած աշխատանք շատ ավելի արդյունավետ է, երբ հիմնված է տվյալ աշխատանքի, նրա նրբությունների և առանձնահատկությունների մասին սեփական գիտելիքն ընդլայնելու և հարստացնելու գործելակերպի վրա։

«Սա վերաբերում է ամեն ինչին՝ արհեստին, արվեստին, ձեռներեցությանը, գյուղատնտեսությանը, մանկավարժությանը, պետական, զինվորական, համայնքային ծառայությանը, բանվորությանն ու առաջնորդությանը, և բարեկեցության հասել ու հասնում են այն պետությունները և հանրությունները, որոնք առաջնորդվում են այս տրամաբանությամբ։ Կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը ՀՀ-ում առաջնորդում են այս տրամաբանությամբ, հասկանալով, որ սա պարզ ճանապարհ չէ, որովհետև խոսել գիտելիքն ընդլայնելու, հմտությունը զարգացնելու անհրաժեշտության մասին, նշանակում է արձանագրել, որ մենք ինչ-որ բան չգիտենք»,- հավելել է վարչապետը։

Եզրափակելով՝ նա ընգծել է, որ աշխատանքը պետք է լինի արդյունք ստեղծելու և այդ արդյունքը վայելելու միջոց։

Leave a Comment