Կրկին սև ծուխ. կոնկլավը երկրորդ անգամ չի կարողացել ընտրել Հռոմի նոր պապին


Վատիկանում Սիքստինյան կապելլայի ծխնելույզից երկրորդ անգամ սև ծուխ է բարձրացել, ինչը նշանակում է, որ  կոնկլավը կրկին չի կարողացել համաձայնության գալ և  նոր Հռոմի պապ չի ընտրել, գրում է Bild-ը:

Մայիսի 7-ին Վատիկանի Սիքստինյան կապելլայում մեկնարկել է նոր Հռոմի Պապի ընտրության քվեարկությունը՝ կոնկլավը, որն ընթանում է փակ դռների հետևում՝ խիստ գաղտնիության պայմաններում: Նույն օրը երեկոյան կոնկլավն արդեն քվեարկել է:

Քվեարկության ավարտի մասին կհայտարարվի կապելայի ծխնելույզից բարձրացող ծխի միջոցով։ Եթե այն սև լինի, ուրեմն նոր պոնտիֆիկոսը դեռ չի ընտրվել, իսկ սպիտակ ծուխը կնշանակի, որ Պապն ընտրված է, այնուհետ կհնչեն զանգերը, իսկ մեկ ժամ անց նոր պապը կհայտնվի  Սուրբ Պետրոսի հրապարակ նայող պատշգամբում: 

Հռոմի պապին ընտրելու համար անհրաժեշտ է կարդինալների մեծամասնության երկու երրորդի ձայները, այս դեպքում՝ առնվազն 89-ի։ Կոնկլավին մասնակցում է 133 կարդինալ ամբողջ աշխարհից։

Ամեն օր կարող է տեղի ունենալ մինչև չորս քվեարկություն՝ երկուսը առավոտյան և երկուսը՝ կեսօրից հետո։ Բացառություն է միայն առաջին օրը, երբ մեկ քվեարկություն է լինելու. սովորաբար այն արդյունք չի տալիս:

Քվեաթերթիկները այրվում են երկու անգամ՝ երկրորդ և չորրորդ քվեարկություններից հետո՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նոր Պապը ընտրվում է առաջին կամ երրորդ քվեարկության ընթացքում։ 

Հրապարակում արդեն հավաքվել են հազարավոր հավատացյալներ՝ սպասելով  նոր պապի հայտնվելուն։

Պատմության ընթացքում կոնկլավները տևել են մի քանի օրից մինչև մի քանի ամիս՝ կախված Սուրբ Աթոռի թեկնածուների շուրջ անհամաձայնության աստիճանից: Ամենաերկարը տևել է 3 տարի: 

Վերջին տարիներին գործընթացն ավելի քիչ ժամանակ է պահանջում. նախորդ երկու կոնկլավները՝ 2005 և 2013 թվականներին, տևել են երկու օր:

Ներկայիս կոնկլավը ամենամեծն է պատմության մեջ։ Կարդինալների քոլեջն ունի 252 անդամ, բայց միայն 80 տարեկանից ցածր կարդինալները կարող են քվեարկել: Ընդհանուր առմամբ այդպիսի կարդինալները 135-ն են, սակայն երկուսը հիվանդության պատճառով չեն կարողացել մասնակցել քվեարկությանը։

Հռոմի նոր պապի ընտրության բոլոր մանրամասները և քվեարկության ընթացքը՝ մեր  անդրադարձում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

129 դիտում

Leave a Comment