Կուրսկի մարզում, կիրակի, հունիսի 1-ի գիշերը, կամուրջ է փլուզվել բեռնատար գնացքի շարժման ժամանակ։ Արդյունքում, գնացքի մի մասն ընկել է ճանապարհի վրա, և հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնել է մարզի ժամանակավոր նահանգապետ Ալեքսանդր Խինշտեյնը, միջադեպի հետևանքով վարորդներից մեկը վիրավորվել է, նրա «ոտքերը վնասվել են»։
Վթարը տեղի է ունեցել Ժելեզնոգորսկի մարզի Տրոսնա-Կալինովկա մայրուղու 48-րդ կիլոմետրում։ «Կամրջի տակով անցնող ճանապարհը փակ է»,-հավելել է Խինշտեյնը։
Կամրջի փլուզման պատճառը դեռևս չի հայտարարվել։ Ինչպես գրում է Deutsche Welle-ն, ավելի վաղ Բրյանսկի մարզում կամուրջ է փլուզվել, նահանգապետը հայտարարել է պայթյունի մասին։
Սա Ռուսաստանում 24 ժամվա ընթացքում երկրորդ տրանսպորտային կամրջի փլուզումն է։ Բրյանսկի մարզում փլուզվել է ճանապարհային կամուրջ, որի տակով այդ պահին անցնում էր Կլիմովո-Մոսկվա երթուղով ընթացող ուղևորատար գնացքը։
Գնացքը դուրս է եկել գծերից։ Վթարի հետևանքով զոհվել է յոթ մարդ, վիրավորվել՝ 69-ը, այդ թվում՝ երեք երեխա, հայտնել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։ Վիրավորների թվում երկու մեծահասակ և մեկ երեխա գտնվում են ծանր վիճակում։ 47 մարդ հոսպիտալացվել է։
Բոգոմազը ավելի ուշ հայտնել է, որ Բրյանսկի մոտ գտնվող կամուրջը պայթեցվել է։
«Կամուրջը պայթեցվել է մայրուղու վրա, երբ գնացքը շարժվում էր՝ 388 ուղևորով», — «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ասել է Բոգոմազը։
Ըստ Մոսկվայի երկաթուղու մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ միջադեպը տեղի է ունեցել ավտոմոբիլային կամրջի վերնաշենքի փլուզման հետևանքով, ինչը, ինչպես նշվում է, պայմանավորված է եղել տրանսպորտային գործունեության անօրինական միջամտությամբ։