Մենք մերժում ենք այդ ոճի իշխանությունը, որը հայհոյում է սեփական հոգևոր ժառանգությունը, որը շնորհավորում է Ադրբեջանին և Թուրքիային տոների առթիվ․ Վրաստանի հայ համայնք

 

Վրաստանի Հայ Համայնքը և ազատ քաղաքացիական անհատներ, խորը մտահոգությամբ ու վրդովմամբ արձագանքում ենք Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու նկատմամբ իրականացվող պարբերական ու հետևողական հարձակումներին։ Այս մասին հայտարարությւն է տարածել Վրաստան հայ համայնքը։

 

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պարզապես կրոնական կառույց չէ։ Դա մեր ինքնության ողնաշարն է, ազգային ոգու, պատմական հիշողության և միասնության կենդանի մարմնավորումը։ Դարերի ընթացքում այն եղել է մեր պայքարի, վերածնման ու գոյատևման հենքը, մեր խղճի ու հոգու պահապանը։

Այսօր, երբ հայ ժողովուրդը ապրում է պատմական ծանրագույն հետևանքները Արցախից տեղահանություն, Բաքվում բանտարկյալ հայ ռազմագերիներ ու քաղաքակական գործիչներ, տարածքային կորուստներ, և ազգային արժանապատվության ճգնաժամ՝ հենց այս պահին թիրախավորել Եկեղեցին նշանակում է՝ հարվածել հայության հիմքերին։

Երբ Սարդարապատում հոգևորականը բարձրաձայնում է Եկեղեցու անփոփոխ դիրքորոշումը՝ իշխանությունը պատասխանում է արհամարհանքով ու հայհոյանքներով։ Երբ Ամենայն հայոց Կաթողիկոսը միջազգային հարթակներում բարձրացնում է Արցախի մշակութային ժառանգության հարցը՝ նրան դիմավորում են մեղադրանքներով ու կեղծ բնորոշումներով։

Սա պատահականություն չէ։ Սա մտածված քաղաքականություն է։

Սա փորձ է՝

. Սասանելու ու կործանելու մեր ինքնությունը, դատարկելու ազգային պետականության բովանդակությունը,

. Տկարացնելու հայ ժողովրդի հավաքական դիմադրությունը,

. Դատարկելու ազգային պետականության բովանդակությունը։

 

Մենք հայտարարում ենք՝

Հայ Առաքելական Եկեղեցին եղել է, կա և լինելու է մեր ինքնության ողնաշարը։

Մենք կանգնած ենք մեր Եկեղեցու, մեր հոգևոր հայրերի, և մեր ժողովրդի բարոյական հիմքերի կողքին։

 

Մենք չենք լռելու, երբ ոտնահարվում են սրբությունները։

Մենք մերժում ենք այդ ոճի իշխանությունը՝ որը հայհոյում է սեփական հոգևոր ժառանգությունը, որը շնորհավորում է Ադրբեջանին և Թուրքիային տոների առթիվ, իսկ դրան զուգահեռ՝ Ադրբեջանի կրոնապետը Էջմիածին մայր տաճարը հռչակում է ադրբեջանական։

Սա արդեն ազգային ինքնության պահպանման հարցն է։

 

Սա չի վերաբերում մեկ հոգևորականի կամ մի կուսակցության։ Սա վերաբերում է մեզ բոլորիս»,-նշված է հայտարարությունում։

Leave a Comment