Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, ՔՊ անդամ Դավիթ Խուդաթյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել Դավիթ Համբարձումյանին։ Հարցին, թե ՔՊ-ն կմիանա՞ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացին, նա պատասխանեց․ «Այդպիսի հարց մենք չենք քննարկել, դա իրենց իրավունքն է, կարող են անել այն, ինչ ուզում են, այդպիսի բազմաթիվ թեկնածուներ են իրենք առաջադրել՝ ընդդիմության տարբեր ժամանակների կարկառուն ներկայացուցիչների, իրենց ձախողումից հետո՝ նաեւ կարկառուն հոգեւորականների, որոնք զբաղվում են քաղաքականությամբ։ Հիմա առաջադրում են համայնքային պաշտոնյաների»:
Նա ասաց, որ իրենք մտահոգություն չունեն ՀՀԿ-ի այս կամ այն առաջադրումների մասով։ «Մենք վստահ ենք, որ իմպիչմենտի գործընթացը ձախողվելու է, հանգիստ պատրաստվում ենք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ այն վստահությամբ, որ խորհրդարանական ընտրություններին ունենալու ենք ճնշող առավելություն, այն է՝ 50+1 տոկոս ձայներով հաղթանակ»,- ասաց Խուդաթյանը։
Հարցին, թե Գյումրիի եւ Փարաքարի ընտրություններից դասեր չքաղեցի՞ն, ՏԿԵ նախարարը պատասխանեց, որ դրանք ՏԻՄ ընտրություններ էին։ «Դրանք քաղաքական առումով մտահոգություն չունեցող ընտրություններ են մեզ համար։ Ի՞նչ նկատի ունեմ՝ մարդիկ ավելի շատ անձով պայմանավորված ընտրություն են կատարել»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: