Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պատասխանատուները Ճամբարակում գնահատում են իրավիճակը, որից հետո Կառավարությունն անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի մեղմելու հետևանքները։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ճամբարակում գտնվող ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Հիմա Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գործընկերները գնահատում են իրավիճակը, որից հետո Կառավարությունն անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի մեղմելու հետևանքները։ Ցավոք, այսպիսի նախադեպեր էլի ենք ունեցել։ Կառավարությունը պատշաճ արձագանքում է»,- ասել է նա։
Ըստ նախարարի՝ գույքագրվել են տարածքում առկա հյուրանոցներն ու հյուրատները, իսկ բնակիչները, որոնք կարիք կունենան կեցավայրի, անպայման կստանան կեցության համար անհրաժեշտ բոլոր պայմանները։
«Ուզում եմ վստահեցնել՝ անհրաժեշտ ամեն ինչ իրականացվելու է, որ աղետի հետևանքով տուժածներն առանց կեցավայրի ու անհրաժեշտ պայմանների չմնան, հետո արդեն որոշումներ կկայացվեն շենքի և երկարաժամկետ լուծումներ տրվող քայլերի մասին»,- ասել է Խուդաթյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ճամբարակ քաղաքի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 3 զոհ, որոնք կանայք են: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը եղել է գազի հետևանքով:
Կան բնակիչներ, որոնց հետ կապ հաստատել չի հաջողվում, նրանք որոնվում են:
Ըստ նախնական տվյալների՝ Ճամբարակի Տիգրան Մեծ փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն փլուզումով. այն եղել է շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում. փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են մուտքին կից բնակարաններ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի շենքերի մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Տեղում որոնողափրկարարական աշխատանքները, որոնց ներգրավված են շուրջ 230 փրկարարական ծառայողներ և ոստիկաններ:
Պայթյունի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
172 դիտում