Հայ դերասանուհին կմարմնավորի Սուպերմենի մորը – Armenia Today

Հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը կմարմնավորի Սուպերմենի կենսաբանական մորը՝ Լարա Լոր-Վանին, Ջեյմս Գանի սպասվող «Սուպերմեն» ֆիլմում։ Այս մասին հաղորդում է Armenian Film Society-ը։

Ֆիլմի սյուժեն կենտրոնացած է Սուպերմենի՝ իր այլմոլորակային ծագումը մարդկային որդեգրած ընտանիքի հետ համատեղելու ճանապարհի վրա։ Սուպերմենի կենսաբանական հորը՝ Ջոր-Էլին, կմարմնավորի ամերիկացի դերասան Բրեդլի Կուպերը, իսկ Սուպերմենի դերը կկատարի Դեյվիդ Կորենսվետը։

Ֆիլմում նկարահանվում են նաև Ռեյչել Բրոսնահան, Նիկոլաս Հոլթը, Էդի Գաթեգին և այլք:

Անժելա Սարաֆյանը ծնվել է Երևանում, 4 տարեկանում ընտանիքի հետ արտագաղթել է ԱՄՆ, որտեղ սկզբում զբաղվել է բալետով, ապա դարձել դերասանուհի։ Նա հայտնի է բազմաթիվ ամերիկյան ֆիլմերում խաղացած դերերով, սակայն հայ հանդիսատեսին հատկապես հիշվել է իր դերակատարումներով Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստումը» (2016) դրամայում և «Ամերիկացու աներևակայելի արկածները Հայաստանում» (2012) կատակերգությունում։

«Սուպերմեն» ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2025 թ. հուլիսի 11-ին։ Սուպերմենի մասին ֆիլմերը նկարահանվում են դեռևս 1978 թվականից։ Այս կերպարը ստեղծվել է Ջերրի Սիգելի և Ջո Շուսթերի կողմից 1938 թվականին և առաջին անգամ հայտնվել է Action Comics-ի փորձնական թողարկման մեջ։

Leave a Comment