
Հայաստանի շահերից է բխում ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Սա Հայաստանի բացարձակ ինքնիշխան որոշումն է։ ՀԱՊԿ-ին անդամակցությունը միանշանակ որոշակի օգուտներ է բերում Հայաստանին։ ՀԱՊԿ-ը կազմակերպություն է, որը վերջին ժամանակներում բազմիցս ցույց է տվել իր արդյունավետությունը։ Եվ, հավանաբար, այն դեպքերը, երբ ՀԱՊԿ-ն ցույց է տվել իր արդյունավետությունը, վկայում են, որ անդամ-երկրների շահերից է բխում շարունակել այս տեսակի փոխազդեցությունն ու համագործակցությունը»,- ասել է Պեսկովը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը ելնում է այն փաստից, որ Հայաստանը դուրս չի եկել կազմակերպությունից։
«Ինչ վերաբերում է մասնակցության կասեցմանը կամ վերսկսմանը, դարձյալ կախված կլինի Երևանում կայացվող որոշումներին»,- հավելել է Պեսկովը։