Հունիսի 29-ին տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հեռախոսազրույցը Նիկոլ Փաշինյանի հետ: Ուշագրավ էր հեռախոսազրույցից հետո Ֆրանսիայի նախագահի կատարած գրառումը, որում նա թերևս պաշտոնական հաղորդագրություններից առավել խոսուն արտահայտում էր, թե ինչի մասին է եղել հեռախոսազրույցը:
Մակրոնը «համերաշխություն էր հայտնում» Նիկոլ Փաշինյանին՝ «հայկական ժողովրդավարության ապակայունացման փորձերի դեմ պայքարում»: Դա, ըստ ամենայնի, վերաբերում էր այն ներքին իրավիճակին, որ այսօր կա Փաշինյան-ՀԱԵ ղեկավարություն տիրույթում: Սակայն Ֆրանսիայի նախագահի հայտնած «համերաշխության» թերևս այսպես ասած բացող հանգամանքն այն էր, որ նա խոսում էր նաև «խաղաղության և բաց սահմանների» ուղղությամբ Նիկոլ Փաշինյանի «խիզախ քայլերի» մասին:
Այլ կերպ ասած, եթե փորձենք համադրել, ապա Էմանուել Մակրոնը Նիկոլ Փաշինյանին համերաշխություն է հայտնում՝ «խիզախ քայլերի» ակնկալիքով: Որո՞նք են այդ քայլերը: Սա է, բնականաբար, առանցքային հարցը, որի պատասխանները, թերևս, ավելի շատ քաղաքական հետնաբեմում են, քան հրապարակի վրա: Օրինակ՝ օրեր առաջ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի՝ օկուպացված Շուշի կատարած այցի և Ադրբեջանի մշակութային ժառանգության հասցեին ռևերանսի հետնաբեմում, դրանից առաջ՝ Եվրամիության քաղաքական համայնք նախաձեռնության շրջանակում Էմանուել Մակրոնի և Իլհամ Ալիևի ջերմ շփման դրվագի հետնաբեմում, կամ՝ օրերս ՆԱՏՕ գագաթնաժողովի շրջանակում Մակրոն-Էրդողան փակ հանդիպման հետնաբեմում, իսկ դրանից առաջ էլ՝ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած այցի հետնաբեմում:
Հատկանշական և ուշադրության արժանի հրապարակային զարգացումները կարելի է շարունակել, որոնց վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները, սակայն գործնականում չեն ասում նոր ոչինչ: Բայց կասկած չկա, որ իրադարձությունների շղթան ամենևին չէր կարող լինել ոչնչի մասին: Միաժամանակ, կան բավականին ծանրակշիռ հիմքեր դիտարկելու, որ բուն հարցը Կովկասով անցնող, մասնավորապես Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա ճանապարհների մասին է: Այդ իմաստով առանձին ուշադրության արժանի է նաև այն, որ նույն օրը Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ:
Իհարկե, ավելորդ է խոսել, որ Իրանի նախագահի հետ Ֆրանսիայի նախագահի հեռախոսազրույցը ունի ընդգրկուն օրակարգ և լայն թեմաներ, սակայն, թերևս, կասկածից վեր է, որ Հայաստանին, մասմնավորապես կոմունիկացիաների ապաշրջափակմանն առնչվող թեման կարող էր լինել Ֆրանսիայի ու Իրանի նախագահների խոսակցության առարկա, հատկապես հաշվի առնելով Իրանի՝ ակնհայտորեն ընդգծվող տարբերվող մոտեցումն ու շահերը այդ թեմայի վերաբերյալ: Հաշվի առնելով այն, որ Ֆրանսիայի նախագահը առնվազն վերջին ամիսներին նկատելիորեն մերձեցել է Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների հետ, առնվազն շփումների և հրապարակային հաղորդագրությունների իմաստով, առաջանում է հարց, թե արդյո՞ք նա փորձում է մերձեցնել նաև Իրանի դիրքորոշումը: