Հարևան երկրները մեզ վստահեցրել են, որ սիոնիստական ​​ռեժիմին թույլ չեն տա իրենց տարածքը չարաշահել Իրանի դեմ․ Բաղայի

Հարևան երկրների տարածքի ցանկացած չարաշահում Իրանի դեմ արգելված է և մերժվել է այդ երկրների կողմից։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային, գրում է IRNA-ն։

«Բազմաթիվ նորություններ են հրապարակվել։ Մենք այս տեղեկատվությունը և երբեմն ենթադրությունները կիսվել ենք համապատասխան երկրների հետ։ Հարևան երկրները, անշուշտ, գիտակցում են իրենց պարտավորությունները՝ թե՛ բարիդրացիական քաղաքականության շրջանակում, թե՛ միջազգային իրավունքի համաձայն»,- ասել է Բաղային՝ խոսելով Իրանի դեմ ռազմական ագրեսիայի գործողություններ իրականացնելու համար Իսրայելի կողմից այլ երկրների տարածքի չարաշահման մասին։

Նա հավելել է, որ միջազգային իրավունքի համաձայն՝ ոչ մի երկրի թույլատրված չէ, նույնիսկ արգելված է իր տարածքը տրամադրել այլ երկրներին ագրեսիայի գործողություններ իրականացնելու համար։

«Առանց բացառության՝ բոլոր հարևան երկրները մեզ վստահեցրել են, որ թույլ չեն տա սիոնիստական ​​ռեժիմին չարաշահել իրենց տարածքը կամ օդային տարածքը Իրանի դեմ ագրեսիայի գործողություններ իրականացնելու համար: Մենք զեկույցներով կիսվել ենք այդ երկրների հետ և լսել նրանց բացատրությունները։ Ես հայտարարում եմ, որ մեր բարձրացրած բոլոր դեպքերը հստակորեն և վճռականորեն մերժվել են համապատասխան երկրների կողմից, նրանք մեզ վստահեցրել են, որ ոչ միայն նման թույլտվություն չի տրվել, այլև ապագայում չի տրվի: Այս հարցը դեռևս քննարկվում է, նման դեպքերը փաստաթղթավորվում են մեր զինված ուժերի, անվտանգության և ռազմական մարմինների կողմից»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ էր արել հետաքննել իսրայելական ԱԹՍ-ների՝ Ադրբեջանի օդային տարածքով Իրան մտնելու մասին հաղորդումները։

Իրանի նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանն էլ Ալիևն ասել էր, որ «Իրանի և Իսրայելի միջև այս լարվածության հետ կապված որոշ շրջանակներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ տարածում են ասեկոսեների և ստերի վրա հիմնված տեղեկատվություն՝ ադրբեջանա-իրանական հարաբերություններին վնասելու նպատակով, և որ այդ ամենը լիակատար անհեթեթություն է»։

Բացի այդ, Ադրբեջանի ԱԳՆ-ն, արձագանքելով ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարություններին, հերքել էր, որ երկրի տարածքն օգտագործվել է Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment