Վերջին հինգ տարիների ընթացքում Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը զգալիորեն փոխվել է, մինչդեռ Ռուսաստանի ներգրավվածությունն ու ազդեցությունը տարածաշրջանում նվազել են։ Այս մասին նշվել է Международная аналитика ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովի՝ «Ռուսաստանը Հարավային Կովկասում. փոփոխվող տարածաշրջան փոփոխվող աշխարհում» վերլուծական գրառման մեջ, որը ներկայացրել է РБК–ն։
Նրա խոսքով՝ 2023 թվականին Ղարաբաղը վերջնականապես Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո Բաքուն և Երևանը սկսել են ձևավորել «նոր հետղարաբաղյան քաղաքական օրակարգ»։ Մինչ Բաքուն ձգտում է «ազատվել խաղաղության գործընթացի միջնորդ–մոդերատորների նախկին խնամակալությունից» (Ռուսաստան և Արևմուտք), Երևանը «փորձում է պարտությունների պատասխանատվությունը բարդել Մոսկվայի վրա» և միաժամանակ փնտրում է «անվտանգության այլընտրանքային «հովանավորներ»՝ ԱՄՆ–ից և ԵՄ–ից, մինչև Իրան և Հնդկաստան դաշտում»։
Ըստ փորձագետի՝ մինչև 2022 թվականը Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև բացառիկ միջնորդն էր, որը ճանաչվել էր և՛ Եվրամիության, և՛ Միացյալ Նահանգների կողմից։ Ի տարբերություն Թուրքիայի՝ այն տարիներ շարունակ վարում էր կողմերի շահերի միջև «զգույշ հավասարակշռության» քաղաքականություն՝ «հանդես գալով որպես Երևանի գլխավոր ռազմական դաշնակից, Բաքվի հուսալի տնտեսական գործընկեր և Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում միջնորդ»։ Սակայն Ուկրաինայում լայնածավալ ռազմական գործողությունների սկսվելուց հետո Արևմուտքը լիովին սառեցրել է Ռուսաստանի հետ կապերը կարգավորման շուրջ, և դա «չէր կարող չազդել Բաքվի և Երևանի մոտեցումների վրա ռուսական ուղղությամբ»։ Մասնավորապես, Ղարաբաղը կորցնելուց հետո Հայաստանը հիմնարար կերպով փոխել է իր ներքին և արտաքին քաղաքականությունն․ այն ձգտում է վերագործարկել հետխորհրդային հանրապետության պետական նախագիծը և հասնել համապարփակ խաղաղության՝ հիմնված, այսպես կոչված, «իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա։ Մարկեդոնովի խոսքով՝ ռազմական պարտությունների և Ադրբեջանին զիջումների համար անձնական պատասխանատվությունից խուսափելու փորձով Հայաստանի ղեկավարությունը սկսել է քննադատել Ռուսաստանին և ՀԱՊԿ–ին՝ առաջ մղելով «խաղաղության խաչմերուկի» և Եվրամիության ու Միացյալ Նահանգների հետ մերձեցման գաղափարները։ Ռուս–հայկական հարաբերությունների սառեցման, ինչպես նաև 2020 և 2023 թվականներին հայ–ադրբեջանական հակամարտության մեջ «Մոսկվայի փաստացի չեզոքության շնորհիվ»՝ «թվում էր, թե Ռուսաստանը և Ադրբեջանը պարզապես դատապարտված են մերձեցման», հատկապես այն բանից հետո, երբ 2022 թվականի փետրվարի 22-ին նրանք ստորագրեցին դաշնակցային համագործակցության մասին Մոսկվայի հռչակագիրը։
«Սակայն գործնականում «Բաքու՝ Երևանի փոխարեն» սխեմայի համաձայն որոշակի «աշխարհաքաղաքական փոխհատուցում» չստացվեց», – նշել է Մարկեդոնովը։ Դրա փոխարեն՝ Ադրբեջանն ավելի է մոտեցել Թուրքիային, և Ակտաուի վրա «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի վթարը, որի համար Բաքուն մեղադրում էր Մոսկվային, ցույց տվեց «երկկողմ հարաբերությունների ողջ երկիմաստությունը և ռազմավարական գործընկերության փխրունությունը»։