ԱԳՆ. Թեհրանը հետեւում է Իրանի դեմ ագրեսիայի ակտի վերսկսման համար հարեւան երկրների տարածքի օգտագործմանն ուղղված Իսրայելի գործողություններին.

Արմինֆո. Թեհրանն ուշադրությամբ հետևում է Իսրայելի գործողություններին, որոնք ուղղված են հարևան երկրների տարածքների օգտագործմանը՝ Իրանի դեմ ագրեսիայի ակտը վերսկսելու համար: Այդ մասին հունիսի 30-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին։

 

Նա հաղորդել է, որ Իրանը համապատասխան երկրներին տեղեկացրել է համապատասխան նորությունների, հետախուզական տվյալների եւ ենթադրությունների մասին:

 

“Առանց բացառության բոլոր հարեւան երկրները մեզ հավաստիացրել են, որ թույլ չեն տա սիոնիստական ռեժիմին օգտագործել իրենց տարածքն  Իրանի դեմ ագրեսիվ գործողությունների համար”, – հավելել է նա, փոխանցում է Mehr-ը:

 

Իրանցի դիվանագետի խոսքով՝ հարևան երկրները, անշուշտ, տեղյակ են իրենց պարտականությունների և պարտավորությունների մասին ՝ ինչպես բարիդրացիության քաղաքականության, այնպես էլ միջազգային իրավունքի շրջանակներում:

 

“Միջազգային իրավունքի համաձայն, հայտարարել Է Իրանի ներկայացուցիչը, ոչ մի երկիր իրավունք չունի թույլ տալ, որ այլ երկրներ օգտագործեն իրենց տարածքը երրորդ երկրի դեմ չարամիտ գործողությունների համար”:

 

Բաղաին հավելել է, որ բոլոր համապատասխան երկրները “հստակ եւ վճռականորեն” մերժել են Իրանի դեմ իրենց տարածքի ոչ իրավաչափ օգտագործման մասին հաղորդագրությունները եւ Թեհրանին վստահեցրել են, որ ապագայում երբեք նման թույլտվություն չեն տա:

 

Նա ընդգծել է, որ այդ հարցը դեռեւս հետաքննվում է, մինչդեռ, Իրանի զինված ուժերը, ինչպես նաեւ անվտանգության մարմիններն ու ռազմական իշխանությունները ուշադիր հետեւում են այդ հարցի վերաբերյալ հաղորդագրություններին:

 

“Իրանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես լրջորեն հետաքննում է այդ դեպքերը”, – ասել է Բաղաին:

 

Նշենք, որ իրանական լրատվամիջոցներն ու փորձագետները բազմիցս հաղորդել են, որ Իսրայելն Իրանի դեմ իր վերջին ագրեսիայի ընթացքում օգտագործել է Ադրբեջանի տարածքը: Նշվել է, որ իսրայելական դրոնները արձակվել են ինչպես Ադրբեջանից, այնպես էլ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներից ։

Leave a Comment