Մոսկվայի դատախազությունը պահանջում է քրեական գործ հարուցել Յուրի Դուդի նկատմամբ

Քաղաքականություն

30.06.2025 | 22:34

Մոսկվայի դատախազությունը պահանջում է քրեական գործ հարուցել բլոգեր Յուրի Դուդի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալի» պարտականությունները չկատարելու համար (Քրեական օրենսգրքի 330.1 հոդվածի 2-րդ մաս), գրում է Current time-ը։

Գերատեսչությունը հայտարարել է, որ Դուդը տարվա ընթացքում երկու անգամ ենթարկվել է վարչական պատասխանատվության «օտարերկրյա գործակալի» գործունեության կարգը խախտելու համար, սակայն շարունակել է նյութեր տարածել մեսենջերներից մեկում՝ առանց «օտարերկրյա գործակալ» պիտակը նշելու։

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը Դուդին «օտարերկրյա գործակալ» է ճանաչել 2022 թվականի ապրիլի 15-ին՝ Ալեքսանդր Գորդոնի, Տիմա Բելորուսկիի և Կատերինա Գորդեևայի հետ հարցազրույցում «Meduza»-ի և «The Insider»-ի նյութերը մեջբերելու համար, որոնք ճանաչվել են «օտարերկրյա գործակալներ»։

Բացի այդ, գերատեսչությունը Դուդի YouTube ալիքում գովազդից ստացված եկամուտը համարել է «օտարերկրյա ֆինանսավորում»։

Այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2024 թվականի մարտի 11-ին ստորագրել է օրենք, որի համաձայն՝ ռուսական ընկերություններին արգելվում է գովազդ տեղադրել «օտարերկրյա գործակալների» ռեգիստրի անդամների մոտ, Յուրի Դուդը դադարել էր իր նյութերում համապատասխան պիտակը տեղադրել և կոչ էր արել այն գործարարներին, «որոնք իրավական կապ չունեն Ռուսաստանի հետ», գովազդ գնել իրենից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment