ՀՀ անունից թողարկված եվրապարտատոմսերը հասանելի են Հայաստանի ֆոնդային բորսայում


Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) տեղեկացնում է, որ 2025 թվականի հուլիսի 8-ից թույլատրվել է ավելի քան 502 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով ՀՀ անունից թողարկված XS3020792696 ծածկագրով եվրապարտատոմսի առևտուրը բորսայի առևտրային համակարգում` նոր հնարավորություններ ստեղծելով տեղական ներդրողների համար։

Պարտատոմսերն ունեն 10 տարվա մարման ժամկետ և 6.75% տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն։ Համեմատության համար՝ բորսայում շրջանառվող մյուս երկու պետական եվրապարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 3.6% և 3.95%։ Նշենք, որ տարեկան եկամտաբերության այս զգալի տարբերությունը պայմանավորված է հիմնականում ուղենիշ հանդիսացող ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի եկամտաբերության աճով։

Արժեկտրոնային վճարումները կատարվելու են կիսամյակային պարբերականությամբ՝ յուրաքանչյուր տարվա մարտի 12-ին և սեպտեմբերի 12-ին։ Պարտատոմսերով գործարքի նվազագույն ծավալը սահմանվել է 200,000 ԱՄՆ դոլար, պատիկի չափը՝ 1,000 ԱՄՆ դոլար։

Թողարկողը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության։ Պարտատոմսերը տեղաբաշխվել են այս տարվա մարտի 12-ին։ Գլխավոր տեղաբաշխողներն են Citigroup, Credit Agricole և J.P.Morgan ընկերությունները։ ՀՀ վերոնշյալ եվրապարտատոմսերը ցուցակված են Լոնդոնի ֆոնդային բորսայում։

ՀՀ եվրապարտատոմսերը առաջին անգամ թույլատրվել են բորսայական առևտրին 2014 թվականին, այնուհետև՝ 2015-ին, 2019-ին և 2021-ին։ Այս նախաձեռնությունը հերթական քայլն է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման և միջազգային ֆինանսական գործիքները տեղական ներդրողներին հասանելի դարձնելու ուղղությամբ։ AMX-ը շարունակելու է գործադրել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու գործիքների բազմազանություն և ներդրումային միջավայրի գրավչություն։

ՀՀ եվրապարտատոմսեր ձեռք բերելու համար հետաքրքրված անձինք կարող են դիմել Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ կազմակերպություններին։

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ,  այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 60 69 55 55 (ներքին` 142) հեռախոսահամարին կամ գրել  [email protected] հասցեին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

279 դիտում

Leave a Comment