Հայրս սիրահարված էր Հայաստանին, նա կրում էր Հայաստանը իր սրտում. Նիկոլա Ազնավուր

Հայրս սիրահարված էր Հայաստանին, նա կրում էր Հ...

Երբ հայրս ժամանում էր Երևան, նա կանգ էր առնում այս հրապարակին կից հյուրանոցում և սիրում էր իր պատշգամբից դիտել հրապարակը, որը լեցուն էր կյանքով և պատմությամբ: Այս մասին այսօր՝ հուլիսի 18–ին, Երևանի Ազնավուրի հրապարակում մեծն շանսոնիեին նվիրված արձանի բացման արարողության ժամանակ ասաց Ազնավուրի որդին, «Ազնավուր» հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը:

«Շատ հուզիչ է իմանալ այն փաստը, որ այսօրվանից մեկընդմիշտ Ազնավուրը կլինի այստեղ՝ այս հրապարակում:

Հայրս սիրահարված էր Հայաստանին, սիրում էր Հայաստանը կրքոտ ձևով: Դա ոչ միայն արտացոլվում էր իր բառերում, այլև արտահայտվում էր իր գործունեությամբ: Նա կրել է Հայաստանը իր սրտի ներքո և համաշխարհային բոլոր հարթակներում: Նա հավատում էր այս երկրի ուժին, հզորությանը, նա հավատում էր այս երկրի մշակույթին, նա հավատում էր այս երկրի ապագային: Այդ իսկ պատճառով նա շատ խրախուսեց, որպեսզի մենք՝ իր ընտանիքը, ժամանենք և հաստատվենք, ապրենք այստեղ, որպեսզի կարողանանք շարունակել իր ներգրավվածությունը, իր պարտավորությունը, որպեսզի կարողանանք ապրեցնել և իրականություն դարձնել իր իդեալները:

Այս արձանը պատկանում է ողջ հայ ժողովրդին, ինչպես նաև այն մարդկանց, որոնք ամբողջ աշխարհում սիրել են Ազնավուրին և շարունակում են սիրել նրան»,- ասաց Ազնավուրի որդին:

Հիշեցնենք, որ Երևանի Ազնավուրի հրապարակում այսօր բացվել է մեծն շանսոնիեին նվիրված արձանը: Քանդակի հեղինակը Դավիթ Մինասյանն է, այն ձուլվել է Գյումրիում: Արձանի բացման արարողությանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Leave a Comment