Իրանն ԱՄՆ-ից պահանջել է փոխհատուցել իր միջուկային ենթակառուցվածքներին վերջերս հասցված վնասը, Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին:
Առանց դրա, ըստ նրա, Թեհրանը մտադիր չէ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: «Ամերիկացիները պետք է բացատրություններ տան և երաշխավորեն, որ այլևս չեն կրկնի դա: Եվ, իհարկե, փոխհատուցեն իրենց կողմից ոչնչացվածի համար», – ընդգծել է նա:
Արաղչին ընդունել է, որ Վաշինգտոնի հետ երկխոսությունը վերսկսելու հնարավորությունը մնում է, բայց նշել է, որ երկրի ներսում աճում է ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը: Նրա խոսքով՝ Թեհրանում շատերը վստահ են, որ նույնիսկ եթե ԱՄՆ-ն նստի բանակցությունների սեղանի շուրջ, դա միայն նոր մանիպուլյացիաների համար քողարկում կլինի:
Եվրոպացիները, Թեհրանի կարծիքով, կորցրել են իրենց անկախությունը և ազդեցություն չունեն. «Նրանք չեն կարող ո՛չ վերացնել պատժամիջոցները, ո՛չ էլ իրական լուծումներ առաջարկել: Եթե նրանք փորձեն օգտագործել snapback մեխանիզմը, նրանց հետ երկխոսությունը կավարտվի»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր ավելի շատ հարվածներով, եթե Իրանը փորձի վերսկսել իր միջուկային ծրագիրը: Թեհրանը խոստացել էր կոշտ պատասխան տալ ցանկացած նոր ագրեսիայի: Ըստ Axios պորտալի՝ ԱՄՆ-ն և եվրոպական հիմնական երկրները համաձայնության են եկել ժամկետների շուրջ. եթե մինչև 2025 թվականի օգոստոսի վերջը նոր միջուկային համաձայնագիր չստորագրվի, Եվրոպան կակտիվացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները վերականգնելու մեխանիզմը:
