«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը
– Պարո՛ն Մելիքյան, ինչպե՞ս եք գնահատում այն, որ Հ1-ի «փրայմ թայմ»-ում այսուհետև հեռուստադիտողները տեսնելու են Փաշինյանի կնոջ նախագծի՝ «Կրթվելը նորաձև է» ժամանակ Փաշինյանի և այլ բանախոսների որոշ ելույթներ:
– Առհասարակ, Հանրայինի պարտականությունների մեջ է մտնում պատրաստել ու հեռարձակել կրթական, մշակութային, գիտական բնույթի հաղորդումներ, ու եթե «Կրթվելը նորաձև է» նախագիծն ամբողջովին նվիրված լիներ կրթական, գիտական, մշակութային թեմաների, ապա մեծ հաշվով դա կարելի էր օրինաչափ և ընդունելի համարել, եթե, իհարկե, նման հնարավորություն ստանային նաև այլ ուժերի ներկայացուցիչներ՝ նմանատիպ հաղորդումներով հանդես գալ Հ1-ի եթերում, բայց եթե այդ ամենը քաղաքական բնույթի է ու ծառայելու է իշխանության ու անձամբ վարչապետի գաղափարախոսության տարածմանը, ընդդիմադիրներին հակադարձելու, սեփական փաստարկները առաջ մղելուն, ապա այստեղ իհարկե կան խնդիրներ:
Առաջին հարցը, որ ծագում է, այն է, թե արդյոք այլ քաղաքական ուժեր, որոնք հանդես կգան նման նախաձեռնություններով, կկարողանա՞ն ստանալ եթերաժամ Հ1-ի եթերում: Ենթադրում եմ, որ հեռարձակվող հատվածներում հարցերի շրջանակն ամենևին էլ չի սահմանափակվելու կրթական, մշակութային և գիտական բովանդակությամբ, ու այդտեղ վարչապետն ու մյուս բանախոսները բարձրաձայնելու են քաղաքական, գաղափարախոսական հարցեր, հակադարձելու են ընդդիմադիրներին ու, փաստորեն, լրացուցիչ հնարավորություն են ստանալու այդ գաղափարախոսությունը առաջ մղելու համար: Այդ առումով, եթե հաշվի առնենք գալիք խորհրդարանական ընտրությունները, որոնք իսկապես ճակատագրական նշանակություն են ունենալու երկրի համար, սա կարող է դիտարկվել որպես վարչական ռեսուրսի չարաշահում ու որպես ամբիոն այդ քաղաքական պայքարի համար: Բնական է, որ այս առումով իշխանությունն առավելություն է ստանում այդ պայքարում:
– Ստացվում է, որ իշխանությունը սկսել է նախընտրական քարոզչությո՞ւն Հ1-ի եթերով:
– Կարծում եմ, որ Հայաստանում նախընտրական քարոզչությունը սկսվել է շատ ավելի վաղ, ու դա ավանդույթ է։ Ե՛վ ընդդիմադիր ուժերը, և՛ իշխանությունները բուն ընտրություններից դեռ մեկ տարի առաջ արդեն քարոզչությունը սկսում են, ու եթե քարոզարշավը դե յուրե չի սկսվել, ապա քաղաքական պայքարն ու քարոզչությունը չեն գնում հենց այդ տրամաբանությունից ելնելով: Այս տեսանկյունից, այո՛, կարելի է ասել, որ սա լրացուցիչ ռեսուրս է, որն օգտագործվում է իշխանությունների քարոզչությունը առաջ մղելու համար:
Շատ է քննարկվում գումարային հարցը, ու, այո՛, պարզվեց, որ վարչապետն ու իր կինը չեն վճարելու սրա համար Հ1-ին: Ես մեծ հաշվով սրան մեծ նշանակություն չեմ տալիս այն պատճառով, որ միևնույն է, դրանք պետբյուջեից գնացող գումարներ են, ու եթե լրացուցիչ գումար տրամադրվեր Հ1-ին, որն առանց այն էլ ահռելի գումար է ստանում բյուջեից, ապա արդյունավետության մասին արդեն ավելորդ կլիներ խոսել:
Այս ամենին պետք է այլ տեսանկյունից նայել, որ Հ1-ը, ըստ էության, բոլոր իշխանությունների օրոք այդպես էլ չկարողացավ անկախություն ձեռք բերել օրվա իշխանությունից: Նախորդ երեք նախագահների օրոք այդ հեռուստաընկերությունը եղել է այդ իշխանությունների խոսափողը, այսօր, իհարկե, Հանրայինը այս իշխանությունների խոսափողն է, թեև որոշ վերապահումներ կարելի է անել, որ ընդդիմադիր գործիչների համար այն ավելի բաց է, քան նախորդ տասնամյակների ընթացքում, բայց, ամեն դեպքում, գերիշխում է իշխանական տեսակետը՝ հատկապես հասարակական-քաղաքական հաղորդումներում:
Մեծ հաշվով, եթե տեսնում ենք, թե ինչ կադրեր հայտնվեցին Հանրային հեռարձակողի խորհրդի կազմում, այսինքն՝ բոլորը փոխարինվեցին իշխանությանը լոյալ մարդկանցով, թեև բոլորը դե յուրե՝ մրցույթների շնորհիվ, ու մեծ հաշվով Հ1-ը կատարում է հեռարձակման ոլորտում բազմաթիվ ընդգծված ընդդիմադիր կեցվածք ունեցող հեռարձակողների գործունեությունը, այսինքն՝ եթե մասնավոր բոլոր հեռուստաընկերությունները տարբեր ուժերի կողմից են հովանավորվում և ասոցացվում են այդ ուժերի հետ, ապա գաղափարական այդ պայքարում Հ1-ը ներկայացնում է իշխանությունների տեսակետն ու գաղափարախոսությունը:
Մի քիչ այլ է վիճակը հեռուստաեթերներում, քան նախորդ տասնամյակներում, բայց, ամեն դեպքում, մենք կարող ենք ասել, որ Հ1-ը օրվա իշխանության խոսափողն է, ու այդ ռեսուրսն օգտագործվել ու օգտագործվելու է նաև առաջիկայում:
– Պարո՛ն Մելիքյան, իսկ կոնկրետ դեպքով նախադեպեր եղե՞լ են նախկին իշխանությունների ժամանակ:
– Նախորդ իշխանությունները մի քիչ ավելի պասիվ էին նմանատիպ արշավ նախաձեռնելու առումով, նախկին նախագահներն ավելի շատ այլ գործունեությամբ էին զբաղվում, բայց նրանք ևս, ինչպես այս իշխանությունը, էլ ավելի ակտիվ էին քարոզչություն իրականացնում Հ1-ով, բայց նրանց ժամանակ իրավիճակն այլ էր, որովհետև մյուս բոլոր հեռուստաընկերությունները նույնպես պետք է համապատասխանեին այդ իշխանութուններից թելադրվող քաղաքականությանը, ու եթե որևէ շեղում լիներ, ապա նրանց ճակատագիրը լինելու էր այն, ինչ ժամանակին եղավ Ա1+ -ի հետ: Այնպես որ, այն ժամանակ ամբողջ հեռուստաեթերն էր օգտագործվում գործող իշխանությունների համար ձայներ կորզելու նպատակով, ու ընդդիմության հնարավորություններն էլ ավելի պակաս էին, բայց դա չի նշանակում, որ այս իշխանությունը պետք է նույն կերպ վարվեր Հանրայինի հետ:
– Սահմանված նորմերի, օրենքի խախտում կա՞ սրանում:
– Եթե ամբողջ նախընտրական գործընթացը գնահատվի, դա արդեն հաջորդ տարվա գործառույթ է, իհարկե դիտորդները, միջազգային ու տեղական կազմակերպությունները կարձանագրեն այն փաստը, որ նախընտրական քարոզչությունը դե ֆակտո սկսվել է Հայաստանում ընտրություններից մեկ տարի առաջ, ու իշխանությունը որոշակի առավելություն է ունեցել՝ Հ1-ի եթերում վարչապետի կնոջ նախաձեռնությունը հեռարձակելով:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am