Մադրիդում ընթացող ծանրամարտի մրցաշարում վերջին մոտեցմամբ նա սահմանեց Եվրոպայի պատանիների նոր ռեկորդ

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Պատանիների հավաքականի անդամ Հարություն Հովհաննիսյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Այս մասին հայտնում է ՀՀ Ծանրամարտի ֆեդերացիան։
Ֆեդերացիայի տեղեկացմամբ, Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում մեդալների համար պայքարի մեջ մտան +94 կգ քաշային ծանրորդները:
Հայաստանի հավաքականից Հարություն Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ` բարձրացրեց 150 կգ, 156 կգ, 160 կգ:
Վերջին մոտեցմամբ էլ նա սահմանեց Եվրոպայի պատանիների նոր ռեկորդ: Այս վարժությունում Հովհաննիսյանը դարձավ ոսկե մեդալակիր:
Հրում վարժությանը Հովհաննիսյանը բարձրացրեց 180 կգ ու 186 կգ: Այստեղ Հովհաննիսյանը երկրորդն էր:
Երկամարտի 346 կգ արդյունքով` Հարություն Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի այս առաջնության չեմպիոն: