Այվազովսկու հուշարձանի ոչնչացումը Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ գործողություն է․ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ

Լեռնային Ղարաբաղում տեղադրված նկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի ոչնչացումը Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ գործողություն է և խորը վրդովմունք է առաջացնում, ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։

«Ադրբեջանական կողմի գործողությունները՝ Այվազովսկու՝ համաշխարհային ճանաչում ունեցող ականավոր ռուս նկարչի հուշարձանը Ղարաբաղում ապամոնտաժելը, ափսոսանք և խորը վրդովմունք է առաջացնում»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, Շվիդկոյը նշել է, որ մի ժամանակ նույն զգացմունքներն է ունեցել Ղարաբաղում «Ադրբեջանի մշակույթի ականավոր գործիչների հուշարձանների պղծման» վերաբերյալ։ «Եվ ես դա նույնպես չեմ թաքցնում»,- մեջբերում է գործակալությունը նրա խոսքերը։

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան տեղեկացված չէր այս հուշարձանը քանդելու ծրագրերի մասին։ Շվիդկոյը նշել է, որ եթե հուշարձանը որևէ պատճառով չբավարարեր ադրբեջանական կողմին, Բաքուն կարող էր Մոսկվային տեղեկացնել այն ապամոնտաժելու իր մտադրության մասին։ «Հարցը, վստահ եմ, կլուծվեր քաղաքակիրթ եղանակով, օրինակ՝ այն ռուսական հող տեղափոխելով։ Ընդհակառակը, դա ցուցադրական, անբարյացակամ գործողություն է Ռուսաստանի նկատմամբ»,- ասել է նա։

Շվիդկոյը նաև նշել է, որ հուշարձանը տեղադրվել է 2021 թվականին՝ ռուսական խաղաղապահ զորքերի մասնակցությամբ:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես արձագանքել է ծովանկարչի հուշարձանի քանդմանը՝ իր Telegram ալիքում հրապարակելով Այվազովսկու նկարները: «Այվազովսկու աշխատանքը: Ինչ-որ տեղ նրանք ոչնչացնում են նրա հուշարձանները, իսկ ես վերացնում եմ նրանց անգրագիտությունը, ովքեր երբեք չեն տեսել նրա նկարները», – գրել է նա:

Հուլիսի 30-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ստեփանակերտում գտնվող հայազգի ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկու հուշարձանը:

Leave a Comment