Ստեփանավանի «Ալլեա» ծառուղին, որտեղ ծառահատման դեպք էր արձանագրվել, պատկանում է «ՍՊՈՐՏ ՌԻԶՈՐԹ» ՍՊԸ-ին․ «Էկոսֆերա»

Ստեփանավանի «Ալլեա» ծառուղու ծառահատման փաստի մասին ահազանգում է Ստեփանավանի «Լոռե» էկո-ակումբի նախագահ Մանյա Մելիքջանյանը։ Մասնավորապես, բնապահպանական ՀԿ ներկայացուցիչը լուսանկար է հրապարակել հատված ծառերից և նշել, որ հերթական ծառահատումը տեղի է ունեցել ս. թ. հուլիսի 14-ին։ Նշենք, որ Ստեփանավանի «Ալլեա» ծառուղին հարուստ է փշատերև տեսակներով։ «Էկոսֆերա»-ի հետ զրույցում Մանյա Մելիքջանյանը պատմեց կատարվածը. ծառահատման մասին ահազանգը ստացել են բնակիչներից։

Ընդգծենք, որ ծառուղին հայտնի զբոսաշրջային վայր է, հատկապես սոճիների փոշոտման շրջանում։ Մանյա Մելիքջանյանն ասաց, որ տարածքն առանձնահատուկ կարևորություն ունի համայնքի կենսամիջավայրի պահպանման և զարգացման համար։

«Հայանտառ»-ից մեզ հայտնեցին, որ տարածքը չի գտնվում իրենց ենթակայության տակ և պահպանություն այնտեղ չի իրականացվում։ Այն համայնքային տարածք է։ Հարցի առնչությամբ դիմեցինք նաև Ստեփանավանի համայնքապետարան։ Մեզ տեղեկացրեցին, որ տարածքը մասնավոր ընկերության է պատկանում։

Մասնավորապես, 2018 թ․ հունիսի 6-ին գույքի նկատմամբ իրավունքների պետական միասնական մատյանում կատարված անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման համաձայն՝ Ստեփանավան քաղաքի Ավետիսյան փողոց 50/1 հողամասը, որի չափը 3.33 հա է, սեփականության իրավունքով հանձնված է «ՍՊՈՐՏ ՌԻԶՈՐԹ» ՍՊԸ-ին։

Ի լրումն՝ Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի տվյալների համաձայն՝ «ՍՊՈՐՏ ՌԻԶՈՐԹ»-ի 100 տոկոս բաժնետերը Ռաֆիկ Հայրապետյանն է։

Leave a Comment