Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե ինչպես է պատահում, որ տարբեր արևմտյան ներկայացուցիչներ բացահայտ հայտարարում են իրենց մտադրության մասին՝ Հայաստանի Հանրապետությունում բողոքի ակցիա կազմակերպել ընդդեմ ռուսական ռազմաբազայի։ Այս թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցել է Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանի հետ՝ վերջինիցս պարզաբանում ստանալու և մի շարք հարցեր հստակեցնելու նպատակով։
-Պարոն Ղազարյան ՀՀ Անկախության հռչակագրի օրը՝ օգոստոսի 23-ին, Արման Բաբաջանյանն ու այլ արեևմտամետներ հայտարարել են, որ պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել՝ ընդդեմ Հայաստանում ռուսական ռազմաբազայի: Գյումրիում՝ ռուսական ռազմաբազայի դիմաց, պահանջելու են ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից։ Ինչպե՞ս եք վերաբերում նման բողոքի ակցիային Գյումրիում՝ այն էլ ռուսական ռազմաբազայի դիմաց:
-Ես շատ վատ եմ վերաբերվում այդ ամենին։ Ինչ վերաբերում է ակցիաներ կազմակերպելուն՝ ապա դա յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքներից է, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ յուրաքանչյուր մարդ ունի խաղաղ հավաքների իրավունք։
Սակայն, եթե խոսենք Հայաստանի ներկա իրավիճակի մասին, ապա ես գտնում եմ, որ երկրի անվտանգությունը, ինչպես նաև անվտանգային ամբողջ համակարգը, գտնվում են շատ ծանր և մտահոգիչ վիճակում։ Հենց այսպիսի անկայուն և ռիսկային փուլում, երբ երկրի ներսում ու սահմաններին բազմաթիվ լարվածություններ կան, կարծում եմ՝ որոշ գործողություններ, որոնք ուղղված են պետության կայունության խաթարմանը, պարզապես իմաստ չունեն։
Այս պահին տարբեր խմբեր փորձում են անցկացնել բողոքի ակցիաներ և բարձրաձայնում են, օրինակ, օտարերկրյա ռազմական բազաների դուրսբերման պահանջը Հայաստանի տարածքից։ Սա մի հարց է, որը բարձրացվել է ոչ առաջին անգամ։ Տարիների ընթացքում՝ տարբեր ժամանակներում և տարբեր քաղաքական ուժերի կողմից, նման պահանջներ հնչեցվել են։ Սակայն այժմ, երբ աշխարհաքաղաքական իրավիճակը չափազանց լարված է, և Հայաստանը բախվում է բազմաթիվ արտաքին ու ներքին մարտահրավերների, կարծում եմ, նման հարցերը պետք է լուծվեն առավել զգուշությամբ, ռազմավարական մոտեցմամբ և պետական շահի առաջնահերթությամբ։
Դիանա Մանուկյան