Անհայտ կորած 21 զինծառայողի ընտանիքները շարունակելու են աջակցություն ստանալ․ ՊՆ-ի նախագիծը

Հասարակություն

31.08.2025 | 12:44

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության 2020 թվականի որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը, որով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2025թ. նոյեմբեր ամիսը ներառյալ:

«․․․Գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամա­կան վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե ամե­նամսյա դրամական վճարը վճարվել է մինչև 2025 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ, որի արդյունքում 20.08.2025թ. դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 21 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվելու է 2025թ. հոկտեմբեր 1-ից: Առկա իրողություններով պայմանավորված՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2025 թվականի նոյեմբեր ամիսը ներառյալ»,-նշվում է հիմնավորման մեջ:

Որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 21 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2025 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների համար կազմում է 12 միլիոն 600 հազար դրամ: Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել 2025 թվականի պետական բյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին:

 

Leave a Comment