Չիկագոյի քաղաքապետը հրաման է ստորագրել ԱՄՆ ազգային գվարդիայի լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ

Չիկագոյի քաղաքապետ Բրենդոն Ջոնսոնը շաբաթ օրը հրաման է ստորագրել, որը սահմանափակում է դաշնային իրավապահ մարմինների և ազգային գվարդիայի զորքերի լիազորությունները։ Ըստ նրա, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է տեղակայել դրանք Իլինոյս նահանգում, հաղորդում է NBC News-ը։
«Մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, երբ պետք է անհապաղ և վճռական քայլեր ձեռնարկենք՝ մեր քաղաքացիներին դաշնային ճնշումից պաշտպանելու համար», – հայտարարել է դեմոկրատ Ջոնսոնը մամուլի ասուլիսի ժամանակ։
Քաղաքապետի վկայությամբ, հրամանի հիմնական կետերից մեկը քաղաքային իրավաբանական բաժնին հանձնարարելն է կիրառել «բոլոր իրավական մեխանիզմները»՝ Թրամփի հնարավոր ծրագրերը կասեցնելու փորձի շրջանակում։ Ջոնսոնը հավելել է, որ պատրաստ է օգտագործել «մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները, այդ թվում՝ դատարանները»։
«Սա այն ոլորտն է, որտեղ, առնվազն այս երկրում, գոյություն ունի զսպումների և հակակշիռների որոշակի համակարգ», – ասել է նա։
Ըստ Ջոնսոնի, գործադիր հրամանը ներառում է նաև մի շարք այլ ցուցումներ, այդ թվում՝ պարզաբանումներ այն մասին, թե ինչ գործողություններ կարող են ձեռնարկել Չիկագոյի ոստիկանության աշխատակիցները՝ դաշնային իրավապահ մարմիններին աջակցելու նպատակով, ինչպես նաև արգելքներ՝ կապված նրանց կողմից դեմքը կամ համազգեստի վրա ոստիկանության նշանը ծածկելու հետ։
«Այս հրամանը հաստատում է, որ Չիկագոյի ոստիկանության վարչությունը չի համագործակցի զինվորականների հետ ոստիկանական պարեկության կամ քաղաքացիական ներգաղթի կանոնների կիրառման հարցում։ Մենք չենք թույլ տա, որ մեր ոստիկանները, որոնք ամեն օր պայքարում են հանցավորության դեմ, օգտագործվեն երթևեկությունը կանգնեցնելու կամ նախագահի համար անցակետեր ստեղծելու նպատակով», – հայտարարել է Ջոնսոնը։
Քաղաքապետի որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ նախագահն արդեն զորքեր և դաշնային իրավապահներ է ուղարկել Վաշինգտոն՝ Կոլումբիա շրջան, և հաճախ սպառնում է նույնը անել նաև ամերիկյան խոշոր այլ քաղաքներում։

Leave a Comment